Հայաստանի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված, հայտնում է կառավարությունը:
ԱԽ-ն նշել է՝ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:
ԱԽ-ն ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար», - նշված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումըԱրցախում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, սակայն ո՛չ Արցախի նախագահի աշխատակազմից, ո՛չ կառավարությունից այդ տեղեկատվությունը չէին հաստատում։ Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասնեց, որ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը: