Լուգանսկում կարող է հանրաքվե անցկացվել Ռուսաստանին միանալու հարցով

Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունում» հնարավոր է մոտ ապագայում հանրաքվե անցկացվի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հարցով։ Այս մասին հայտարարել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Կարծում եմ, որ առաջիկայում հանրապետության տարածքում կանցկացվի հանրաքվե, որում ժողովուրդը կօգտվի իր բացարձակ սահմանադրական իրավունքից և իր կարծիքը կհայտնի Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու վերաբերյալ։ Չգիտես ինչու, վստահ եմ, որ դա հենց այդպես էլ կլինի»,- ասաց Պասեչնիկը։

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ այժմ ճիշտ ժամանակը չէ ԼԺՀ-ի Ռուսաստան մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար։

«Կարծում եմ, որ հիմա դրա համար հարմար պահը չէ: Եվ դժվար թե պետք է տարակուսել նման հարցերով հիմա, երբ ճակատագիրը որոշվում է ռազմաճակատում», - նշել է նա:

Լուգանսկի այսպես կոչված` «ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունը» Ռուսաստանի կողմից դեռ 2014 թվականին օկուպացված Ուկրաինայի տարածքի մի մասն է։ Փետրվարի վերջին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը և լայնամասշտաբ ներխուժում սկսեց դրանք պաշտպանելու պատրվակով:

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու հրամանագրերը ստորագրելուց առաջ Ռուսաստանի նախագահը հանդես եկավ ընդարձակ տեսաուղերձով, ուր հայտարարեց, թե բոլշևիկների առաջնորդ Լենինն է ստեղծել Ուկրաինան։