Մատչելիության հղումներ

«Հատուկ գործողության ընթացքում հանձնարարված բոլոր խնդիրները անկասկած կլուծվեն». Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նորից անդրադարձել է, իր խոսքով, «հատուկ օպերացիային Ուկրաինայում» և հայտարարել է, թե ռուսական զինված ուժերը խափանել են Կիևի իշխանությունների ծրագրերը, որոնք ցանկանում էին պատերազմ սկսել։

Նրա խոսքով՝ Կիևի իշխանություններին առաջարկվել է դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն նրանք դա չեն արել. «Մենք ստիպված էինք սկսել հատուկ ռազմական գործողությունը, և Ուկրաինան օկուպացնելու որևէ մտադրություն չունենք»

Հակադարձելով տարածված կարծիքի, որ ռուսական բանակը տապալել է Ուկրաինան արագ գրավելու Պուտինի պլանը, նա այսօր ասել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն ընթանում է խիստ պլանի համաձայն։

«Հատուկ գործողության ընթացքում հանձնարարված բոլոր խնդիրները անկասկած կլուծվեն», - ասել է Ռուսաստանի նախագահը մարզերի սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառումներին նվիրված հանդիպմանը։

Պուտինը նաև փորձել է բացատրել, թե ինչու են ռուսական զորքերը ռազմական գործողություն սկսել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքից դուրս, եթե խնդիրը այդ հանրապետությունների անվտանգությունն ապահովելն էր։

Նա, մասնավորապես ասել է․ «Եթե ռուսական զորքերը գործեն միայն Դոնեցկի և Լուգանսկի տարածքում, դա չի հանգեցնի խաղաղության Ուկրաինայում և չի վերացնի Ռուսաստանին սպառնացող վտանգը»:

Ուկրաինացի զինվորներին Պուտինը այսօր համեմատել է ֆաշիստների հետ, պնդելով, թե ռուսական կողմը «ամեն ինչ անում է խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»։

Ինչ վերաբերում է Արևմուտքի աննախադեպ կոշտ պատժամիջոցներին, Պուտինը կոչ է արել ռուսաստանցիներին դաս քաղել դրանցից և ասել՝ «պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի ձեռնարկատերերի ունեցվածքի բռնագրավումը դաս կլինի նրանց համար»՝ հիշեցնելով, որ պետք է ներդրումներ կատարեն իրենց երկրում։

Այսօր էլ ինչպես միշտ վերջին շրջանում Պուտինը խիստ դատապարտել է Արևմուտքին, նորից կրկնելով, թե «Արևմուտքին ինքնիշխան և ուժեղ Ռուսաստան պետք չէ»։

Դե իսկ իր հավատարիմ էլեկտորատին՝ սոցիալապես ամենաանապահով խավին խոստացել է առաջիկայում բարձրացնել կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը։

XS
SM
MD
LG