Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ադրբեջանական կողմը, ըստ Ստեփանակերտի, շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:
Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, նշված է հաղորդագրության մեջ:
Իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի այս գյուղերում կտրուկ սրվեց հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։
Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը երեկ պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։ 2020-ին՝ պատերազմից ավարտից անմիջապես հետո, Ղարաբաղում մոտ 2000 խաղաղապահ է տեղակայվել։
Երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց` ադրբեջանական կողմին կոչ անելով հետ քաշել զորքերը: Պաշտոնական Բաքուն հակադարձել է այդ հայտարարությանը՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանն է անդրադարձել Միացյալ նահանգները։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ պաշտոնական Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է 2020 թվականի նոյեմբերից հետո շփման գծում հաստատված իրավիճակին։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը և էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ», - ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ջալինա Փորթերը։
Ֆրանսիան էլ կոչ է արել Ադրբեջանի զինուժին բանակը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին: