Լիլիթ Մակունցը և Էնդրյու Շոֆերը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճն ու զարգացումները

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, արխիվ

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մարտի 25-ին քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։

Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Թեև նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր, երկու կողմից էլ, ըստ Արցախի Պաշտպանության բանակի, կան զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկեն։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակն այսօր հաղորդեց, որ իրավիճակը տվյալ հատվածում կրկին սրվել է, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ապահովել, ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԽ-ն դիմում է Պուտինին, առաջարկում ավելացնել ռուս խաղաղապահների թիվը