Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան էջում արված գրառումը «չի արտացոլում պաշտոնական Կիևի դիրքորոշումը», «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Գերագույն ռադան թվիթերի իր պաշտոնական էջում ողջունել էր Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում. «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի Դաշնության զինվորականների՝ Ուկրաինա ուղարկելուց»։
«Ո՛չ, դա չի արտացոլում պաշտոնական Կիևի դիրքորոշումը` այն համատեքստում, որ մենք չենք կարող ուրախանալ պատերազմով։ Հիմա պատերազմ է ընթանում նաև Ուկրաինայում։ Գերագույն ռադայում այդ հարցը չի քննարկվել, ոչ մի որոշում չի կայացվել։ Մեր դիրքորոշումը այլ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ շատ լավ հայտնի է. դա վերաբերում է թե՛ Մոլդովային, թե՛ Վրաստանին և թե՛ Ադրբեջանին», - նշեց Դենիս Ավտոնոմովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը պատերազմ է սանձազերծել ոչ թե ուկրաինական պետության, այլ ժողովրդի դեմ. Դենիս ԱվտոնոմովՊաշտոնական Երևանը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում չեզոք դիրքորոշում է որդեգրել, ավելի վաղ Ուկրաինայի գործերի հավատարմատարը ողջունել էր այս հանգամանքը։
Սոցցանցերի հայկական տիրույթում զայրույթի առիթ դարձած գրառումն ավելի ուշ հեռացվեց։ Իսկ թե ինչո՞ւ էր պաշտոնական էջից այդպիսի գրառում արվել, ուկրաինացի դիվանագետը դժվարացավ պատասխանել. «Ինձ դժվար է ասել, թե ով ինչու է նման բան արել։ Բայց հիմա այդ թվիթն արդեն հեռացվել է, խնդրում եմ հաշվի առնել հենց դա, որ այն այլևս չկա»։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպանից։ Արտգործնախարարության մամուլի քարտուղարը, սակայն, նպատակահարմար չհամարեց, որ Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանություն տա այս հարցով։ Խոսնակն ասաց. «Հարցը պարզաբանվել է դաշտում, այլ մեկնաբանություն չկա»։
Այդուհանդերձ, ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Այստեղ աշխատանքային ժամերը սկսվելուց անմիջապես հետո մեր միջամտության արդյունքում 15 րոպեի ընթացքում այն ջնջվել է»։ Ընդգծել էր, որ հարցը քննարկել են Ուկրաինայի բոլոր պատկան մարմինների հետ և այն համարում են փակված։