Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020-ի. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ԶՈւ-ի շարժը հայկական տարածքում կասեցված է, սակայն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. տեղեկատվական շտաբԸստ ՊԲ-ի, ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր։ Ավելին, ինչպես հաղորդագրությունում է նշվում, ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
«Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր», - ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության բանակը նշում է, որ ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ «Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», - ասված է ՊԲ-ի հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, ժամեր անց տարածած հաղորդագրությամբ հերքեց թե՛ ընդհարման և թե՛ ադրբեջանական կողմի զոհերի մասին հայկական կողմի հաղորդումը՝ այն որակելով «տեղեկատվական սադրանք», և վստահեցրեց, թե «առանց ուժի կիրառման շարունակում են դիրքերի և տեղակայման վայրերի» ճշգրտումը, ինչպես նախօրեին էին պնդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են իրավիճակն Արցախում