Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը ողջունում է դեկտեմբերի 5-ին հայաստանյան ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընդհանուր թափանցիկությունը, սակայն մտահոգություն է հայտնում քվեարկության չափազանց բարդ ընթացակարգերի վերաբերյալ:
Այս մասին զեկույցը քննարկվել է երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նիստում։
38 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ զեկույցը ողջունում է ընտրությունների մրցակցային բնույթը և քվեարկության ընդհանուր թափանցիկությունը. Կոնգրեսի դիտարկած նախորդ ընտրությունների համեմատ դրական քայլեր են արվել թափանցիկ, արդար և մրցակցային ընտրությունների ուղղությամբ, և կեղծիքների կամ բռնության մասին մեղադրանքները բավականին սահմանափակ են, նշված է հրապարակման մեջ:
Միևնույն ժամանակ, մտահոգություն կա քվեարկության չափազանց բարդ ընթացակարգերի և վերապատրաստման, քարոզարշավի և գրանցման կարճ ժամկետների վերաբերյալ։
Զեկույցը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ուժեղացնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ, ուժեղացնել քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումը և կանխել վարչական ռեսուրսի չարաշահումը։
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ութ քրեական գործ է հարուցվել, հայտնել էր Գլխավոր դատախազությունը:
Ինը մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացվել էր առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ: