Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևն այսօր հանդիպել է ռուսական զինվորական պատվիրակությանը՝ Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր փոխհրամանատարի՝ Ալեքսեյ Կիմի ղեկավարությամբ, ով նաև համակարգում է ռուսական բանակի խաղաղապահ գործունեությունը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության դրույթները, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։
«Կողմերը հանգամանալից քննարկել են Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման գործընթացը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն»,- հայտարարում է պաշտոնական Բաքուն։
Ռուսական կողմն առայժմ հանդիպման և քննարկված հարցերի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել։