Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանի վճռով Meta Platforms ամերիկյան մեդիաընկերությունը և դրա հիմնադրած Facebook և Instagram սոցիալական ցանցերը ճանաչվել են ծայրահեղական: Դրանց գործունեությունն արգելվել է:
WhatsApp հավելվածի աշխատանքը չի արգելափակվել, քանի որ այն չի կարող օգտագործվել որպես սոցցանց: Սակայն Ռուսաստանի Հանրային պալատում համացանցի օգտատերերի իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանրդ Մալկևիչը հայտարարել է, թե անհրաժեշտ է արգելել նաև այդ հավելվածը:
«Ինչո՞ւ է բացառություն արվում դրա համար: Չէ՞ որ WhatsApp-ն այդ ընկերության արտադրանքն է: Մենք բազմիցս պնդել ենք, որ պետական չինովնիկներին պետք է արգելել օգտվել այդ հավելվածից, քանի որ այն կարող է հսկվել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից», - ասել է Մալկևիչը:
Ռուսաստանի դատախազությունն օրեր առաջ հայտարարել էր, որ Meta ընկերությունը նպաստում է աշխարհում Ռուսաստանի նկատմամբ ատելության աճին և Ռուսաստանի ներսում թշնամանքի տարածմանը:
"Роскомнадзор"-ը` Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը, պաշտոնապես արգելել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տեղադրել, ցուցադրել և հիշատակել Meta Platforms Inc. ընկերության և դրան պատկանող Facebook և Instagram սոցցանցերի պատկերանշանները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվում է Instagram-ից և Facebook-ից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դատախազությունը դատարանին խնդրել է արգելել Meta-ի գործունեությունն իր տարածքում