Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրում է պատերազմի հանցագործությունների մեջ

Բնակիչները հուղարկավորում են պատերազմի զոհերին, Մարիուպոլ, Ուկրաինա, 20 մարտի, 2022թ.

Ուկրաինացիները հրաժարվում են հանձնել Մարիուպոլը

Պատերազմներում ռազմական հաղթանակի վերջնական վավերացումն ու խորհրդանիշը, սովորաբար, մայրաքաղաքի գրավումն է դառնում, բայց մինչ այդ անհրաժեշտ է լինում հսկողության տակ առնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մի շարք բնակավայրեր:

Ուկրաինայի պարագայում այդպիսի քաղաքներից է Ազովի ծովի հյուսիսային ափին գտնվող և վարչական պատկանելության առումով Դոնեցկի շրջանի մաս կազմող Մարիուպոլը, որտեղ հիմա կատաղի մարտեր են:

Ռուսները շրջապատել են քաղաքը և արդեն արվարձաններ են ներխուժել, բայց հանդիպել են աննախադեպ հուժկու դիմադրության:

Ռուսաստանը նախօրեին հերթական անգամ վերջնագիր է ներկայացրել, պահանջելով հանձնել քաղաքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան մերժել է շրջափակված Մարիուպոլը հանձնելու Ռուսաստանի պահանջը

Ռուսներն ասել են, թե տեղական ժամանակով մինչև առավոտյան ժամը 5-ը Մարիուպոլից նախ պետք է հեռանան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները և միայն դրանից հետո՝ խաղաղ բնակիչները:

«Բանակը զենքը չի հանձնի և քաղաքից չի հեռանա»,- մարտի 21-ին վաղ առավոտյան հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

Ռուսների նպատակն է ցամաքային ճանապարհ բացել դեպի Ղրիմ

Նրա խոսքով, Ուկրաինայի կառավարությունը ռուսական կողմից պահանջում է անհապաղ բացել մարդասիրական միջանցք, որով Մարիուպոլի բնակիչները կկարողանան հեռանալ դեպի Զապորոժիե:

Մարիուպոլի պաշարումը գրեթե երեք շաբաթ է տևում: Քաղաքում, որում մինչ պատերազմը կար ավելի քան 400 հազար բնակիչ, այսօր մարդասիրական աղետ է: Ռուսական ուժերը ռմբահարում և հրետակոծում են բնակելի թաղամասերը, դպրոցներն ու հիվանդանոցները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր մեծ ծավալով տարհանում է նախատեսվում Մարիուպոլում

Ռուսները ցանկանում են գրավել Մարիուպոլը, քանի որ դա հետագայում կընձեռի դեպի 2014-ին բռնակցված Ղրիմի թերակղզի ցամաքային ճանապարհ բացելու հնարավորություն:

Ռուսներն ընդունում են, որ Մարիուպոլում տեղակայված են Ուկրաինայի բանակի առավել մարտունակ և լավ կազմակերպված ու նահանջելու միտք չունեցող ստորաբաժանումները:

Զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալը

Ռուսական կողմը լուրջ կորուստներ է կրում: Երեկ հաղորդվել է, որ Մարիուպոլի, ինչպես Մոսկվան է նշում, «ազատագրման համար մղած մարտերում», զոհվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալին:

Ըստ Սևաստոպոլում գործող ForPost տեղեկատվական կայքի, հրամանատարներն արդեն պատրաստել էին Պալիին փոխծովակալի կոչում շնորհելու փաստաթղթերը:

Ճակատագրի բերումով նա ծնվել է Կիևում, ծագումով կարող է ուկրաինացի լինել: Նա ժամանակին հրաժարվել է հանդիսավոր երդմամբ ստանձնել Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու պարտավորությունը և տեղափոխվել է ծառայության Ռուսաստանի Հյուսիսային նավատորմում:

Պալին մասնակցել է ռուս-վրացական պատերազմին և զբաղեցրել է Սիրիայում ռուսական ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Ըստ ուկրաինացիների, ռուսներն այս պատերազմում արդեն առնվազն 5 գեներալ են կորցրել: Մոսկվան այդ թեման չի մեկնաբանում և պնդում է, թե ուկրաինական կողմը շատ ավելի մեծ թվով կորուստներ ունի:

Զոհերի, վիրավորների կամ գերիների մասին երկու կողմերի պնդումների արժանահավատությունը պարզել այս պայմաններում հնարավոր չէ:

Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին գնդապետ, ռուսների կողմն անցած Վասիլի Պրոզորովի փոխանցմամբ, «Մարիուպոլը կարևորագույն հանգույց է այս պատերազմում: Ռուսական ուժերի կողմից Մարիուպոլի գրավումը բարոյահոգեբանական հսկայական խթան կլինի Լուգանսկի և Դոնեցկի համար և, համապատասխանաբար, ծանրագույն կորուստ Կիևի համար»:

«Նույնիսկ եթե ռուսները գրավեն քաղաքը՝ դիմադրությունը կշարունակվի»

Լոնդոնում Chatham House անվամբ հայտնի միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտի Ուկրաինայի զարգացումների հարցով վերլուծաբան Օրիսիա Լուցևիչի փոխանցմամբ, Մարիուպոլի համար ճակատամարտը խորհրդանշական կարևորություն ունի և՛ Մոսկվայի, և՛ Կիևի համար, քանի որ Մարիուպոլում են գտնվում «Ազովի գումարտակ» կոչվող ուկրաինական աջակողմյան ազգայնական աշխարհազորի ջոկատները:

«Ազովի գումարտակը» 2015 թվականին ռուսներից վերագրավել է Մարիուպոլը, և ռուսները հիմա ամեն կերպ ջանում են վրեժ լուծել:

«Նույնիսկ եթե ռուսները գրավեն Մարիուպոլը և այնտեղ խամաճիկ քաղաքապետ կամ խամաճիկային զինվորական վարչակազմ նշանակեն, դիմադրությունը քաղաքում միևնույն է կշարունակվի, դրա համար էլ քաղաքը չի հանձնվում»,- ասել է Chatham House-ի վերլուծաբանը:

Սանկցիաների ցուցակում հայտնված և Իտալիայում վիլլաներից զրկված ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ամենօրյա ծրագրի հյուրերից ոմանք վերջին օրերին արդեն անթաքույց կոչ են անում ամենադաժան ռմբահարումներով, խաղաղ բնակիչների մասին չմտածելով ջախջախել ուկրաինացիներին և գրավել Մարիուպոլն ու մնացած քաղաքները, քանի որ «առանց դրա Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացման խնդիրները չեն լուծվի»:

Ռուսների թիրախում է նաև Ուկրաինայի մայրաքաղաքը: Գիշերը Կիևի Պոդոլսկի շրջանում հրթիռակոծվել և հրդեհվել է առևտրի խոշոր կենտրոնը, զոհվել է 8 մարդ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում կրկին պարետային ժամ է հայտարարվելու

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ առևտի կենտրոնում աշխատում են հրշեջների, փրկարարների և բժիշկների թիմերը:

«Վերջնական լուծում» եզրույթը նախ 80 տարի առաջ է կիրառվել

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում է, որտեղից շարունակում է ուղերձներով դիմել աշխարհի երկրների օրենսդիր մարմիններին:

Երեկ նա իր խոսքը հասցեագրել է Իսրայելի Քնեսեթին և արծարծել է հրեաների համար չափազանց ցավոտ ու ողբերգական թեմա՝ հոլոքոստով հրեական հարցի այսպես կոչված «վերջնական լուծում» ապահովելու գերմանացի ֆաշիստների ծրագիրը:

«Մոսկվան ասում է, թե առանց մեր դեմ պատերազմի չի կարողանա անվտանգային հարցին տալ «վերջնական լուծում», նույնն ասվել է 80 տարի առաջ»,- հայտարարել է Զելենսկին:

Նա զենք է խնդրել, ասելով, թե ամբողջ աշխարհին է հայտնի, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունն աշխարհում ամենահզորն է և արդյունավետը:

«Բոլորը գիտեն, որ դուք կարողանում եք լավագույնս պաշտպանել ձեր ազգային շահերը, ձեր ժողովրդի շահերը, դուք վստահ կարող եք նաև մեզ օգնել, պաշտպանել մեր կյանքը, ուկրաինացիների կյանքը, Ուկրաինայի հրեաների կյանքը», - ասել է Զելենսկին հրեա օրենսդիրներին:

«Այն, ինչ ռուսներն անում են Մարիուպոլում՝ նողկալի է»

Մինչդեռ, Եվրամիությունը ծրագրում է նոր պատժամիջոցներ: Այսօր Բրյուսելում են հավաքվել Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Ենթադրվում է, որ սանկցիաների թիրախը կդառնա էներգետիկան:

«Ռուսները պատերազմի հանցագործություններ են կատարում, հենց այդ եզրույթն է պետք կիրառել: Այն, ինչ նրանք անում են Մարիուպոլում՝ պատերազմի խոշոր հանցագործություն է, դա նողկալի է, քաղաքը ոչնչացվում է, մարդիկ կոտորվում են»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: