Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը իր երկու գործընկերներն էլ հայտնել է, որ Ֆրանսիան, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն վերաբերող հարցերՖրանսիայի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ժան-Իվ Լը Դրիանը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորությունը և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների Փարիզի պատրաստակամությունը։ Լը Դրիանը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին տեղում լարվածության առնչությամբ և կոչ է արել գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ այն նվազեցնելու ուղղությամբ։
Հեռախոսազրույցի մասին պաշտոնական Երևանի հաղորդագրությունում նշվում էր, որ Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երևանը այս շաբաթվա սկզբին էր հայտարարել, որ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը։ Մինսկի խմբից պաշտոնական հրապարակային պատասխան առայժմ, սակայն, չկա։
Պաշտոնական Բաքուն հաղորդագրությունում իր հերթին շեշտել էր, որ արտգործնախարարները քննարկել են խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները։
Ադրբեջանը մինչ օրս անարձագանք է թողել խաղաղության բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը։ Փոխարենը գաղտնազերծել է իր 5 առաջարկները՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվել իրար նկատմամբ տարածքային պահանջներից, իրականացնել սահմանազատում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել կոմունիկացիաները։ Եվ եթե Երևանը խոսում է Մինսկի խմբի շրջանակներում խաղաղության բանակցություններից, Բաքուն իր հինգ առաջարկներն ընդունելու դեպքում է նման պատրաստակամություն հայտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու խնդիրների համապարփակ լուծմանըՖրասիական կողմի փոխանցմամբ՝ Լը Դրիանը նաև կարևորել է կողմերի միջև շփումների կարևորությունը՝ Արցախի մտնող գազատարի վերանորոգման հարցում։ Ֆրանսիացի արտաքին գերատեսչության ղեկավարը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի՝ վերջերս Թուրքիա կատարած այցը և խրախուսել քննարկումների շարունակականությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։
Երկու հեռախոսազրույցների ընթացքում էլ քննարկվել է Ուկրաինայի իրավիճակը։