«Аэрофлот»-ը հաջորդ շաբաթվանից վերականգնելու է Մոսկվա-Երևան ամենօրյա կանոնավոր ավիաչվերթը

Ռուսական «Аэрофлот» ընկերությունը հայտնում է, որ մարտի 21-ից վերականգնելու է Մոսկվա-Բաքու, իսկ մարտի 22-ից՝ Մոսկվա-Երևան կանոնավոր ավիաչվերթները։ Երկու ուղղություններով ամենօրյա թռիչքները իրականացվելու են ռուսական «Superjet- 100» օդանավերով։

Նախօրեին «Аэрофлот»-ը վերականգնել է դեպի Բիշքեկ և Օշ ավիաչվերթները։

Մարտի 8-ից «Аэрофлот»-ը Մինսկից բացի դադարեցրել էր միջազգային բոլոր թռիչքները։ Որոշումն ընդունվել էր «Ռոսավիացիայի» խորհրդով՝ խուսափելու համար վարձակալած օդանավերի կալանելուց, ինչը հնարավոր է Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների պայմաններում։