Մոսկվայում այսօր կայացել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունները։ Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Աբդոլահիանը նաև հայտնել է, որ նախօրեին երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ու վերջինիս ուղերձը փոխանցել է Լավրովին։
«Ուկրաինայի արտգործնախարարը խնդրեց պարոն Լավրովին փոխանցեմ, որ Ուկրաինան հանդես է գալիս պատերազմը դադարեցնելու և քաղաքական կարգավորման վրա կենտրոնանալու օգտին», - ասել է նա։
Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Իրանը դեմ է պատերազմին, ինչպես նաև միակողմանի սահմանված պատժամիջոցներին։
Սերգեյ Լավրովը ասել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի արտգործնախարարը տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և փոխանցել նրա ցանկությունը՝ շուտափույթ դադարեցնելու պատերազմը։