Ռուսական և ուկրաինական պատվիրակություններն աշխատում են, սակայն գործընթացը բարդ է, այսօր ասել է Կրեմլի խոսնակը՝ դրական անվանելով այն, որ բանակցությունները շարունակվում են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ գիշերը իր ավանդական տեսաուղերձում Ռուսաստանի հետ բանակցությունների միջանկյալ արդյունքները դրական է գնահատել՝ «բավականին լավ» բառերով, հավելելով, թե դրանք շարունակվելու են այսօր։
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի խորհրդական Արեստովիչը ենթադրել էր, որ խաղաղության համաձայնագիր հնարավոր կլինի ձեռք բերել կա՛մ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում, կա՛մ մայիսին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Օվսյաննիկովային
Այդ նույն գիշերվա ուղերձում Զելենսկին անձամբ շնորհակալություն է հայտնել Օվսյաննիկովային՝ երեկվա արարքի համար։
«Ես շնորհակալ եմ ռուսներին, ովքեր չեն դադարում ճշմարտությունը փոխանցել և անձամբ այն աղջկան, ով պատերազմի դեմ պաստառով մտավ Առաջին ալիքի ստուդիա, նրանց, ովքեր չեն վախենում բողոքել։ Քանի դեռ ձեր երկիրը չի փակվել ամբողջ աշխարհից և չի վերածվել մեր Հյուսիսային Կորեայի, պետք է պայքարել», - ասել է Զելենսկին։
Մինչդեռ ռուսական գլխավոր հեռուստընկերության աշխատակից Մարիա Օվսյաննիկովայի փաստաբանները ահազանգում են՝ արդեն 12 ժամ է՝ չեն կարողանում գտնել երիտասարդ կնոջը։ Օվսյաննիկովան բերման է ենթարկվել մարտի 14-ի երեկոյան «Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում հակապատերազմական պաստառ պարզելու և «Դադարեցրեք պատերազմը» կոչերի համար։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է սկսել Առաջին ալիքի աշխատակցի նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օվսյաննիկովային գիշերը տեղափոխել են Մոսկվայի Օստանկինսկի շրջանի ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանությունից, սակայն, իրավապաշտպաններին ասել են, որ նա բաժանմունքում չէ։ Փաստաբանները չեն բացառում, որ կնոջ դեմ քրեական գործ հարուցվի և նա արագացված կարգով դատապարտվի իրական ազատազրկման։ Պուտինի մամուլի քարտուղարն այսօր Օվսյաննիկովայի արարքը խուլիգանություն է որակել։
Ռուսական համացանցը մինչ այս պահը քննարկում է Օվսյաննիկովայի արարքը՝ որակելով այն որպես հերոսություն և մեծ խիզախություն, իսկ ընդիմադիրներն էլ կոչ են անում ռուսաստանցիներին՝ հետևել Մարիայի կոչին և դուսր գալ բողոքի ակցիաների։ Հակառակ դեպքում, գրում են ընդդիմադիրները, Ռուսաստանին սպասում է ամբողջական մեկուսացում քաղաքակիրթ աշխարհից և վերադարձ ամբողջովին փակ համակարգի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)