Ադրբեջանցիները «վրաններ են խփել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում». ըստ ՊՆ-ի` ՀՀ ինքնիշխան տարածք չեն մտել

Արխիվ

Ադրբեջանցի զինվորականները շուրջ 10 օր առաջ հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում, տեղեկացրեց գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

«Գյուղի վարչական տարածքն են մտել, 800-900 մետր իրենց դիրքից իջել են մեր տարածք: Հինգ հատ վրան կա, մեկ էլ խրամատներ են փորում», - մանրամասնեց նա:

Ռուսական կողմին ահազանգել են, սպասում են, ասում է համայնքապետը. «Մեր համապատասխան բաժնի պետը` պաշտպանության գծով, իրենց հետ կապվել է, խոսացել է, դե առայժմ ոչ մի բան չկա: Գերեզմաններն էլ են դիտարկվում, խմելու ջուրն էլ է վտանգի տակ, արոտավայրերն էլ են վտանգի տակ»:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարեց` Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանցիները չեն մտել. «Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, որ խնդիր չկա: Ոչ, Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել»:

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից նույնպես կտրականապես հերքում են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը՝ ավելի ընդարձակ պարզաբանմամբ. այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկղության տակ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր:

«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև մշտադիտարկում ադրբեջանական ԶՈւ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը», - հայտարարել է ռազմական գերատեսչությունը:

Ներքին Հանդի բնակիչներն ասում են՝ վերադարձի մասին խոսք չկա, այդ տեղանքում ադրբեջանցիներ չեն եղել: Գյուղը Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում է, 44-օրյա պատերազմից հետո երեք կողմերից շրջապատվեց ադրբեջանական հենակետերով:

Հասմիկ Ղազարյանը Ներքին Հանդ 70-ականների վերջին է հարս եկել, այնտեղ, որտեղ ադրբեջանցիները հիմա տեղակայվել են, «մերն էր, մերը», ասում է նա, փաստը ժխտողներին հրավիրում Ներքին Հանդ. «Եթե մարդիկ ուզում են հերքեն, թող գան, բան չունեմ ասելու, միգուցե ասեն` դուք սխալ եք, բայց մենք սխալ չենք, մեր տարածքն է, ես ասում եմ` մեր տարածքն է»:

Անտառը կանաչի, ու տերևները տեսադաշտը փակեն, ադրբեջանցիներն այդպես գյուղ էլ կմտնեն, ասում է Ներքին Հանդի հնաբնակներից Մելս Բաղդասարյանը, որ նաև գյուղի պատմությունն է գրառում: Զարմանում է՝ նույնիսկ խորհրդային տարիներին պարզ չէր, թե անտառի որ հատվածով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը. «Էն ժամանակ` խորհրդային տարիներին, մեծահասակները, ոչ մեկը չգիտեր սահմանը, մոտավոր գիտեինք` սա անտառ ա, մտնում էինք, բայց չգիտեինք 10-20 մետր, իրենց տարածքն է, որ փայտ ենք հանում, բերում, թե մեր տարածքն է»:

Հիմա ո՞վ ու ինչպե՞ս որոշեց, որ հինգ վրանները ադրբեջանական հողի վրա են, հարցնում է Բաղադասարյանը, հատկապես որ սահմանազատման-սահմանագծման գործընթաց չի էլ սկսվել:

«Հիմա եկել են, էնդեղ նստել են, ասում են` մերն ա, ոչ մեկը չի կարա ասի` դա մերն ա, քարտեզ չի եղել, սահման չի եղել: Ազատ գնում էինք մենք իրենց դաշտերը, իրար հետ ֆուտբոլ խաղում», - հիշում է նա:

Ներքին Հանդի ու հարևան ադրբեջանական Քյոլլու Ռազդարայի բարեկամությունն անցյալում է, հիմա Ներքին Հանդի բնակիչները տագնապով են հետևում գյուղին մոտեցած ադրբեջանցիների շարժին. «Մեր անտառտնտեսությունում աշխատողներ կան, երկու հոգի գնացել են, հեռվից նայել են` սենց աժդահա տղաներ են, տեռորիստներ են, թե ինչ, մուսկուլոտ, ասում ա` տուռնիկ էին խաղում»: