Լոռու մարզի Յաղդան գյուղից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի կամուկացի մեջ են՝ հավանաբար չեն գնա։ Հրայր Թեմուրյանի ընտանիքը փոքր այս գյուղում գործող խանութներից մեկի սեփականատերն է։ Ասում է՝ գյուղացիներն իրենց մտահոգություններով հաճախ են կիսվում՝ ինչ են անելու պատերազմների, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ու ռուբլու աննախադեպ անկման պայմաններում։
Առանց այն էլ խանութին ունեցած պարտքերի տվյալներից ելնելով, ասում է, թե վերջին շրջանում խոպանչիների բերած գումարը գյուղում առանձնապես ակտիվություն չէր ստեղծում. «Մեր խոպանը Ռուսաստան էր, Ռուսաստանն արդեն դժվարացել է, մինչև պատերազմը մի ռես գնացողներն ի՞նչ բերեցին, ոչ մի բան, համարյա փող չեն բերում, ու էստեղ էլ որ գինն ընկավ, էլ ո՞ւմ է պետք գնալը: Արդեն կաշխատեն ստեղ իրենց գործը դնել, ստեղ աշխատեն»:
Հրայր Թեմուրյանի որդին Ռուսաստանի քաղաքացի է։ Ասում է՝ այնտեղ կոշկակարությամբ զբաղվող որդու ընտանիքը մեծ խնդիրների առաջ չի կանգնել. Հայաստան գալու հարց դեռ չեն քննարկում. «Չէ, այնտեղի ապրողների համար չէ, բայց մեզ համար, որ գնում են էնդտեղ աշխատելու, որ փող բերեն, արդեն դա խնդիր է, որովհետև էստեղ արդեն արժեք չունի իրենց փողը, և արդեն էլ միտք չկա, որ գնան, այնտեղ աշխատեն, որ փող բերեն», - նշում է նա:
Մոտ 300 բնակիչ ունեցող Յաղդանը նախկին հունական գյուղ է։ Մինչև 90-ականները բնակչության առնվազն 80 տոկոսը հույներ էին։ Գրեթե բոլորը գնացին Հունաստան։ Այսօր հատուկենտ հույն և խառը ընտանիքներ կան։
Ալեն Լազարևը հունական ազգանունով միակ դպրոցականն է գյուղի 41 աշակերտ ունեցող դպրոցում։ Մյուսները կա՛մ նախկինում եղած հայ ընտանիքներից են, կա՛մ էլ Հայաստանի այլ բնակավարերից տեղափոխված ընտանիքներից, որոնք եկել են մոտակա հանքավայրերում կամ Յաղդանում գործող գյուղացիական կոոպերատիվում աշխատելու համար։ Գյուղում Լոռու ամենամեծ գյուղացիական տնտեսություններից մեկն է գործում, որտեղ շատ գյուղացիներ աշխատում են։
Դպրոցի 11 տարվա տնօրեն Անահիտ Սիմոնյանը համոզված է, որ ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում գուցե ավելի շատ գյուղացիներ կպչեն գյուղատնտեսությանը։
Գյուղում մնացած եզակի հույներից մեկը՝ 27-ամյա Ավրաամ Գեորգիադիսը, Հունաստանի քաղաքացի է։ Եվրոպական ծննդավայրում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Եվրոպայի մեկ այլ երկիր, աշխատանքի անցել, բայց քովիդի համավարակի պատճառով ստիպված վերադարձել է Յաղդանի պապենական տուն։ Գյուղատնտեսությամբ է զբաղվում, իր նորաստեղծ ընտանիքի հետ փորձում հարմարվել, բայց ասում է՝ դժվարանում է։
«Պայմանները չեն թողնում, պիտի պայման լինի, որ կարենաս մի բան անես` չկա: Էս տարի էլ պարարտանյութը, ամեն ինչը թանկացել է` դիզվառելիք, շատ դժվար է: Լույսն էլ են թանկացրել, ջուրն էլ, ձգտում չկա: Ամեն տարի վատանում է դրությունը», - նկատում է նա:
Մոտ մեկ հեկտար հողատարածք է մշակում, ասում է՝ եկամուտ կստանա, բայց միտքը դարձյալ հեռուներում է։ Երիտասարդ հույնն ասում է՝ առաջին հնարավորության դեպքում կվերադառնա Եվրոպա. «Դրա համար մեծ փողեր են պետք, եթե նախաձեռնող լինեմ, էնդեղ կանեմ էտ գործը` Հոլանդիա, ստեղ ձեռք չի տա: Եթե հիմա ես գնայի հետ, կոռոնան չլիներ, ես կարող էի ֆիրմա բացեի, աշխատողներ ունենայի»:
Մինչդեռ գյուղի դպրոցականներն արդեն մտմտում են՝ ամեն ինչ կանեն իրենց գյուղում ապրելու և գյուղը զարգացնելու համար. «Մենք բոլորս էլ գիտենք` երբ պիտի գործ անենք, երբ ինչ ենք անելու: Մարդիկ եթե համախմբվեն, ամեն ինչ էլ կլինի մեր երկրում: Ես կուզեի, որ մեծանայի, մեր գյուղում մարդիկ ավելի շատ լինեին և գյուղը զարգացնեին»: