Մի կողմից` Թուրքիային, մյուս կողմից՝ Վրաստանին սահմանակից Շաղիկ գյուղը Շիրակի մարզկենտրոն Գյումրիից ընդամենը 60 կմ է հեռու, բայց այս համայնք հասնելու համար 2 ժամ է պահանջվում․ ճանապարհն անբարեկարգ է, իսկ ցուրտ ամիսներին՝ գրեթե միշտ անանցանելի։
«Ճանապարհ չկա, 20 կիլոմետր գնալու համար ժամ է քաշում, գումարած ավտոն տարվա մեջ 3 իր գնին սարքում ես, որ գնաս-գաս», - ասում է տեղացիներից մեկը:
Արփի լճից քիչ հեռու գտնվող սահմանամերձ գյուղը, ըստ գրանցման, 87 բնակիչ ունի, փաստացի, սակայն, տեղում մոտ 30 մարդ է ապրում, այն էլ ոչ թե տարին բոլոր, այլ միայն՝ ամռան ամիսներին։ Ձմռանը շատերն են կողպում դռներն ու հեռանում։
Գյուղը ո՛չ հանրային տրանսպորտ ունի, ո՛չ խանութ, ո՛չ էլ բուժկետ։ Ստիպված իրենց գլխի ճարն իրենք են տեսնում, օր-օրի ավելացող դժվարություններին ոչ բոլորն են դիմանում. «Ոչ մի բան չկա, որ պահող լինի ժողովրդին, մնացել է քանի տուն: Դպրոցն 9-ամյա, անասնապահություն … մի բան առնելու համար մարդը պիտի 20 հազարի ծախս անի, որ գնա 500 դրամի առևտուր առնի: Մնան, ի՞նչ անեն»:
Ժամանակին այստեղ ադրբեջանցիներ են ապրել: Երկրաշարժից ու ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, սակայն, ընտանիքներ են եկել Ջավախքից ու Հայաստանի այլ բնակավայրերից՝ հիմնականում անասնապահությամբ զբաղվելու: Արտակ Վալեսյանի ծնողները 96-ին են մայրաքաղաքից Շաղիկ տեղափոխվել. «Ես էլ մնացի գերի, եկել ենք, որ ինչ-որ մի բան անենք, բայց գնալով մեռնում է` ամեն ինչը թանկանում է, պահելն էլ դժվարանում է»:
Էքստրեմալ պայմաններին չդիմանալով՝ Արտակը տարիներ առաջ իր ընտանիքը Երևան է տարել, ինքն էլ գնում-գալիս է, քանի որ այստեղ դեռ անասնապահությամբ է զբաղվում:
«Երեխեքը մեծանում են, հասկանում են, որ ապրելու տեղ չի, շանս չկա, մարդիկ գնում են: Ով ավելի լավ է, գնա, մի տեղ 5-10 հազար դրամով բանվորություն անի, քան թե այստեղ այդ անասունը պահի, որովհետև էսօր խոտի տուկը 2500 դրամ է, բայց կաթի լիտրը 150 դրամ է, որը կթվում է 2-3 ամիս: Ասենք, էդ մի կովը 70 հազարի օգուտ պիտի տա, 70 հազարի էլ հորթը, բայց ինքը սեզոնին 200 հազար դրամի խոտ է ուտում, գումարած տանջանքը մարդը: Մնա, ի՞նչ անի: Սալյառկեն 9000 դրամ է, մի հատ ոչ պետական աջակցություն կա, ոչ սուբսիդավորում կա, որ գյուղացու հոսը ինչ-որ մի տոկոսով հանեն, մարդը կարողանա գոնե անասունը շատացնի: Ուղիղ կեսն է մնացել անասունների խոտի պատճառով: Անասունի գինն էլ ընկած է», - ասում է նա:
Համագյուղացու նման Շաղիկից հեռանալու ծրագրեր է մտմտում նաև Սամվել Դեմիրճյանը, ով 90-ականներին Ջավախքի Դավինա գյուղից է եկել, տարիներ անց զղջացել այդ որոշման համար. «Անասնապահությունը զարգացած էր, սահմանը` հանգիստ, ընտրեցինք էս գյուղը: Փոշմանեցի, ջահելների տեղը չի»:
Գազի ու էլեկտրաէներգիայի վճարման հարցում շաղիկցիները որևէ արտոնություն չունեն՝ ի տարբերություն Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքների։ Կառավարությունում Թուրքիայի հետ սահմանը խաղաղ են համարում։
Անվտանգային խնդիրներ իսկապես չկան, ասում են գյուղում մնացած հատուկենտ ընտանիքներն ու տեղում հավելում՝ հիմնական խնդիրը կապն է արտաքին աշխարհի հետ։ Անկախությունից ի վեր դեպի գյուղ տանող ճանապարհները երբեք հիմնովին չեն նորոգվել, քարուքանդ ճանապարհի նորոգում նախատեսված չէ նաև այս տարվա բյուջեով։
«Երևի տեղն էլ սկի չգիտեն: Շատ մարդ կա, որ ասում ենք էս գյուղի մասին նույնիսկ Գյումրիից, չգիտեն: Վերջին գյուղն է, սա դառնալու է ուղղակի զուտ յայլա (ամառային արոտավայր-խմբ.)», - ասում է հատուկենտ բնակիչներից մյուսը: