Թուրքմենստանում ընտրություններ են. նախագահի որդին թեկնածուների շարքում է

Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին:

Վեց միլիոնանոց հանրապետությունում այդ պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ 40-ամյա Սերդարը։ Վերլուծաբանների համոզմամբ` 9 թեկնածուներից 8-ին սոսկ վերապահվում է իրենց մասնակցությամբ ընտրությունները մրցակցային և իրավակարգ դարձնելու դերը, քանի որ արդեն այսօր հայտնի է, որ ռեժիմը կապահովի նախագահի որդու ընտրությունը:

Թուրքմենստանի երկարամյա առաջնորդը նախագահի պաշտոնը «երիտասարդ առաջնորդներին» փոխանցելու մտադրության մասին հայտարարել էր անցած ամիս։ Նախագահի ամենաերիտասարդ թեկնածուն՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել․ նրան է հանձնարարված վերահսկել բնական պաշարներով հարուստ երկրի նավթագազային համալիրները։ Կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնում նախագահի որդին համակարգում է տնտեսական բլոկի և երկրի ֆինանսական ոլորտի գործունեությունը։

Թուրքմենական պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում, թե երբ կհայտարարվեն քվեարկության նախնական արդյունքները: Նախագահի երդմնակալության արարողությունը նշանակված է մարտի 19-ին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ 1991 թվականին` ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքմենստանում երբեք տեղի չեն ունեցել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ: