«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին», - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ», - մանրամասնել է նա:
Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում:
«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը` ունենալ խաղաղ ու կայուն տարածաշրջան կա», - շեշտել է նա:
Չավուշօղլուն, իր հերթին, ասել է, որ հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը ևս դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր և կառուցողական. ՉավուշօղլուԱնկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը՝ նշելով. «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»:
Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա: Նախորդ բարձաստիճան պաշտոնյան, որ եղել էր Թուրքիայում, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր` ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։