2021-ին ՀՀ-ում տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 1114 քրգործ՝ 2020-ի համեմատ 270-ով ավելի

2021-ին Հայաստանում տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավելի է 2020-ի համեմատ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության, նախորդ տարի դատարան է ուղարկվել նման բնույթի 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020-ի ընթացքում:

Միայն նախապատրաստված և ավարտված նյութով, քննված և ավարտված քրեական գործերով, ինպես նաև դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3 մլրդ դրամ, կամ 2020-ի (շուրջ 12մլրդ դրամ) համեմատ 85 տոկոսով ավելի:

Դատախազությունը նշում է, որ էապես ավելացել է նաև քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021-ի ընթացքում վերականգնվել է 5.6 մլրդ դրամ՝ 2020-ի 1.9 մլրդ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի: