Մատչելիության հղումներ

Խոշոր չափերով գույքեր չհայտարարագրելու գործով մեղադրյալ նախկին պատգամավորն ընդունել է մեղքը


Դատարան է ուղարկվել հայտարարագրման ենթակա գույքի մասին տվյալները թաքցնելու առաջին գործը։ Մեղադրյալները ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանն ու նրա որդին են։ Ըստ դատախազության՝ նրանք մեղքը ընդունել են, ստորագրություն են տվել երկրից չբացակայելու մասին։

«Ազատության» հետ զրույցում ԲՀԿ-ական նախկին պատգամավորը պնդեց՝ հանցագործություն չի կատարել, պարզապես բացթողում է արել, տեխնիկական սխալ, օրինակ՝ հայրական տան կամ էլ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի մասին տեղեկությունները հայտարարագրում չի ներառել։

«Ոչ պետությանն ենք վնաս տվել, ոչ մեկին վնաս չենք տվել, ընդամենը բացթողում է եղել իմ կողմից», - ասաց Հրանտ Դավթյանը։

Քրեական գործի առիթ է դարձել դեռևս 2018-ի նոյեմբերին «Հետք» էլեկտրոնային կայքէջում հրապարակված՝ «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածը, որտեղ հեղինակը անդրադարձել է հայ մեծահարուստների կողմից Դուբայում ձեռք բերված գույքին։ Դավթյանն ընդունեց, որ բնակարան ունի Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսապես թերևս ամենազարգացած քաղաքում։

Հոդվածի հետքերով գնալով՝ իրավապահները պարզել են, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունվարը լինելով պատգամավոր՝ չի կատարել իր պարտականություններն ու չի հայտարարագրել Հայաստանում իրեն պատկանող գույքի մի մասը։ Մասնավորապես, թաքցրել է բնակարան, կիսակառույց տուն, տնամերձ ու գյուղատնտեսական նշանակության հողամասեր, բանկային դրամական հաշիվներ։

«Գրած ա՝ «դու էնտեղ 10 տոկոս փայ ունես», ասում եմ՝ «հա, լավ, չեմ իմացել, որ հորս տունը․․․ »։ Ես հո չեմ գնալու ասեմ՝ մերս էնտեղ ա ապրում, փայ ունեմ, կամ չունեմ, կամ ումը կտա, որ էրեխուն կտա։ Խի՞ ա իմ փայը, երեք երեխա ենք, կարող ա նրանց փայն ա։ Թղթերով հորինս ա, ասում ա՝ «չէ, օրենքով, Դուք էնտեղ շահաբաժին ունեք, փայաբաժին ունեք 10 տոկոսը»։ Ասենք էրեխեքին էլ բաժանում են 100 տոկոսը, ամեն մեկիս փայ ա հասնում օրենքով՝ մորինս ա, քրոջինս ա, եղբորինս ա, հորինս ա, ընտանիքի մեր անդամներինն ա, մի խոսքով», - ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավորը։

Ինչ վերաբերում է որդուն՝ Արսեն Դավթյանին, ապա, ըստ իրավապահների, նա որպես փոխկապակցված անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրում չի նշել համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ Դավթյանները միջնորդել էին, որ գործը դատարան չգնա։

«Գործով առկա են տվյալներ, որ նրանք ընդունել են մեղադրանքը և նաև միջնորդություն էին ներկայացրել դատախազություն, որպեսզի այդ հիմքով, այսինքն՝ գործում զղջալու հիմքով գործը դատարան չուղարկվի, բայց դատախազությունը գտել է, որ դրա հիմքերը չկան, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան», - ասաց գլխավոր դատախազի խորհրդականը։

Աբրահամյանի խոսքով՝ թեև նրանց արարքով պետությանը վնաս չի հասցվել, բայց 2019-ից հարուցված քրեական գործի քննության ընթացքում հաստատվել է, որ Դավթյանները դիտավորյալ չեն կատարել օրենքի պահանջը։

«Տվյալ դեպքում հենց ամբողջ առանձնահատկությունը նա է, որ դիտավորությունն է հիմնավորվել այդ կապակցությամբ իրականացված քննության արդյունքում։ Ամբողջությամբ արդյունքները համարվել են դատախազության կողմից բավարար, և դա է պատճառը, որ տվյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել», - նշեց Աբրահամյանը։

Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով, սա՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար հոդվածով առաջին քրեական գործն է, որ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս պահին իրավապահները քննում են այս հանցագործությանը վերաբերող մի քանի գործեր։ Եթե դատարանը հաստատի մեղադրանքը, ապա հայր և որդի Դավթյաններին կսպառնա 2-ից 4 տարվա ազատազրկում։ Քրեական օրենսգրքում այս հոդվածը ավելացվել է 2017 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք։

XS
SM
MD
LG