Ադրբեջանը 2021-ին բանակի համար ծախսել է մոտ 2 մլրդ 670 մլն դոլար

Ադրբեջանի զինված ուժերի ջոկատներից մեկի զորավարժությունը, արխիվ, 24 հոկտեմբեր, 2021թ.

Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսված գումարը:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, գումարը նշվել է կառավարության հաշվետվությունում:

Ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված 4 միլիարդ 580 միլիոն մանաթից 4 միլիարդ 450 միլիոնը: Դա կազմում է ավելի քան 2 միլիարդ 670 միլիոն ԱՄՆ դոլար:

Ռազմական բյուջեն կատարվել է 99.2 տոկոսով, դա 786.5 միլիոն մանաթով (462 միլիոն 647 հազար ԱՄՆ դոլար), կամ 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը: