Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հանդիպմանը Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Հայաստանի վարչապետն նշել է, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:
Նրանք կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:
Փաշինյանը և Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին, ելույթներ ունեցել։
Համաժողովում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարության անդամները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկվանից է Փարիզում։ Մինչև հանդիպումներն ու համաժողովը վարչապետն ու կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Մակրոնը Փաշինյանին Ֆրանիա է հրավիրել մարտի 4-ին, երբ ուղերձ էր հղել Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
«Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը», - նշել էր Ֆրանսիայի առաջնորդն իր ուղերձում։
Մակրոնը տեսակապով վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ խոսել էր փետրվարի 4-ին։ Ֆրանսիական կողմի փոխանցմամբ, հանդիպումն ուղղված էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության ու հումանիտար համագործակցության զարգացմանը։
Ապրիլին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են։ Էմանյուել Մակրոնը կրկին առաջադրել է թեկնածությունը։ Հայաստանյան քաղաքագիտական շրջանակում կարծիք կա, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Հայաստանի ղեկավարին կես միլիոնից ավելի հայկական համայնք ունեցող Ֆրանսիա հրավիրելը նախընտրական շրջանակում է։
Փորձագետ Արեգ Քոչինյանը կարծիքով՝ Էմանյուել Մակրոնը ցանկանում է նաև ֆրանսահայերի վստահությանն արժանանալ։ Ըստ փորձագետի, Հայաստանի հետ ակտիվ շփումները ռուս-ուկրաինական պատերզմի թեժ փուլում նաեւ Հարավային Կովկասում արեւմուտքի դերի բարձրացման նպատակով է. - «Այո, աննախադեպ լարում կա Եվրոպայի և Ռուսաստանի մեջ։ Ես կարծում եմ, որ էդ լարմանը Եվրոպան այլևս սկսում է վերաբերվել որպես երկարատև գործընթաց, պայմանականորեն դա կարող ենք անվանել «սառը պատերազմ – 2»։ Եվ էդ հարթության մեջ Եվրոպան այլևս երկարաժամկետ պլանավորման է գնում, իսկ երկարաժամկետ պլանավորումը ռուս-եվրոպական հարաբերություններում նշանակում է մուլտիռեգիոնալ պատասխան, այլ ոչ միայն պատասխան սանկցիաներով կամ Ուկրաինայում ընթացող գործընթացներին։ Մուլտիռեգիոնալ պատասխան նշանակում է, որ Եվրոպական միությունը ու դրա առաջատար երկրները պետք է որոշակի ներկայություն ունենան բոլոր այն տարածաշրջաններում, որոնք որ կենսական կարևորություն ունեն Ռուսաստանի համար։ Դրանցից առաջինը Հարավային Կովկասն է։ Հարավային Կովկաս մուտք գործելու համար Ֆրանսիայի համար ամենահարման պետությունը թե' պատմական, թե' տնտեսական, թե' քաղաքական կապերի տեսանկյունից Հայաստանն է»։
Վերջին անգամ Փաշինյանը պաշտոնական այցով Փարիզ էր մեկնել անցած տարի հունիսին։ Մակրոնը Երևանում է եղել 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպում՝ Մակրոնի և Միշելի միջնորդությամբ