Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանից նավթի, գազի և ածխի ներմուծման արգելքի մասին։ Այդ քայլով, ինչպես շեշտել է Բայդենը, ամերիկացիները հերթական հզոր հարվածն են հասցրել պուտինյան ղեկավարությանը։ «Մենք չենք մասնակցի Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդեն. «Այսօր Ամերիկան թիրախավորում է Ռուսաստանի տնտեսության մայր երակը»Կիևը շտապեց ողջունել Ռուսաստանի դեմ այդ աննախադեպ քայլը։ «Շատ պարզ է՝ Ռուսաստանին վճարվող յուրաքանչյուր լումա վերածվում է փամփուշտների ու արկերի, որոնք ուղղվում են այլ ինքնիշխան պետությունների դեմ։ Կա՛մ Ռուսաստանը կհարգի միջազգային իրավունքը և չի պատերազմի, կա՛մ փող չի ունենա պատերազմելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միացյալ Նահանգների նախագահի որոշմանը հաջորդեց Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը, որը ևս մտադիր է դադարեցնել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը մինչև 2022 թվականի վերջը։ Ռուսական նավթին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի սպառման 8 տոկոսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիան մինչև տարեվերջ կդադարեցնի ռուսական նավթի ներկրումըՌուսաստանյան էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ծրագիր է ներկայացրել նաև Եվրամիությունը՝ փորձելով մինչև տարեվերջ կրճատել պահանջարկը երկու երրորդով: Այս ծրագիրը Եվրահանձնակատարների խորհուրդը երեկ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է։ «Մենք պետք է անկախանանք ռուսական նավթից, ածխից և գազից: Մենք պարզապես չենք կարող հույս դնել մատակարարի վրա, որը բացահայտ սպառնում է մեզ», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ծրագիրը դեռևս պետք է քննարկվի մարտի 10-11-ը Վերսալում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Դրան արդեն դեմ է դաշինքի անդամներից ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիան, ինչպես նաև Նիդերլանդները՝ պնդելով, որ ռուսական էներգիակիրները կենսական նշանակություն ունեն եվրոպացիների առօրյա կյանքի համար, և որ նման արգելքը նախ և առաջ կվնասի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
Հատկապես Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից շատ մեծ է, և գաղտնիք չէ, որ այդ հարցում որևէ սահմանափակում մեծ հարված կհասցնի Գերմանիային։ Մոսկվան արդեն սպառնում է փակել իր հիմնական գազատարը դեպի Գերմանիա, եթե Արևմուտքը հրաժարվի ռուսական կապույտ վառելիքից և «սև ոսկուց»։ Բեռլինը, հիշեցնենք, կասեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը, բայց ռուսական գազը շարունակում է աշխարհի երկրներ հասնել այլ ուղիներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան հայտարարում է «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը սառեցնելու մասինՌուսաստանն աշխարհում երրորդ երկիրն է նավթի արդյունահանման ծավալներով՝ Միացյալ Նահանգներից և Սաուդյան Արաբիայից հետո։ Երկիրն օրական արտահանում է մոտ 4,5 միլիոն բարել նավթ, որի կեսը բաժին է հասնում հենց Եվրոպային։ Ռուսական նավթից թերևս ամենաքիչ կախվածությունն ունի Միացյալ Նահանգները՝ 2020 թվականին այդ պահանջարկը կազմել է ընդամենը 3 տոկոս։
Ինչ վերաբերում է ռուսական կապույտ վառելիքին, «Գազպրոմ»-ն անցած տարի արտահանել 185,1 միլիարդ խորանարդ մետր գազ, և Եվրամիություն ներմուծվող բնական գազի ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը Ռուսաստանից է գալիս։ Այդ ծորակը փակելու դեպքում մեծապես կտուժեն Իտալիան և Գերմանիան։
Գազ Նահանգները Ռուսաստանից չի գնում, սակայն գները և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Միացյալ Նահանգներում դեռևս բավականին բարձր են՝ աշխարհի այլ մասերում մատակարարումների խափանումների պատճառով:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական նավթից հրաժարվելը «համաշխարհային շուկայի համար աղետալի հետևանքների» կհանգեցնի՝ մեկ բարելի գինը կարող է գերազանցել 300 դոլարը։ Նավթի գները երեքշաբթի հասել էին արդեն 130 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ռուսական արտահանման խափանումները շարունակվելու դեպքում JP Morgan-ը կանխատեսում է, որ մինչև 2022 թվականի վերջ նավթի գինը կարող է հասնել ռեկորդային 185 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հատկապես Մոսկվայի կանխատեսած գնի պայմաններում ռուսական գազից կախվածություն ունեցող երկրները ստիպված կլինեն այլընտրանք փնտրել, ինչը, սակայն, բարդ և ժամանակատար գործընթաց է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավթի գնի կտրուկ աճ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնինՎաշինգտոնի նման փնտրտուքներն առայժմ արդյունք չեն տվել։ Ամերիկյան կառավարության՝ նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու և գները զսպելու խնդրանքը Սաուդյան Արաբիան, The Wall Street Journal-ի աղբյուրների վկայությամբ, մերժել է։ Նահանգներն այժմ փորձում է Վենեսուելային համոզել, որը ԱՄՆ-ի նավթի երբեմնի հիմնական մատակարարն է, սակայն այդ երկրում տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամի պատճառով Վաշինգտոնը կոշտ պատժամիջոցներ է սահմանել Կարակասի դեմ, և դեռևս հայտնի չէ, թե Միացյալ Նահանգների կողմից մերժված Մադուրոյի կառավարությունը ինչպես կարձագանքի։ Եվրոպայի դեպքում այլընտրանք են դիտարկվում Կատարը, Ալժիրը կամ Նիգերիան, բայց կան գործնական խոչընդոտներ արտադրության արագ ընդլայնման համար: