Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ընդունել է ռուսական արտադրության բոլոր տեսակի էներգակիրների ներկրումն արգելելու որոշում:
«Այսօր ես հայտնում եմ, որ մենք թիրախավորում ենք Ռուսաստանի տնտեսության մայր երակը, մենք արգելում ենք բոլոր տեսակի էներգակիրների՝ նավթի, գազի և ածխի ներկրումը: Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի հասնի ամերիկյան նավահանգիստներ, և Ամերիկայի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային: Այս քայլին հավանություն են տվել Կոնգրեսի երկու կուսակցությունները, և ես համոզված եմ՝ հավանություն է տալիս նաև ամբողջ ժողովուրդը»,- ասել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարի փոխանցմամբ, ամերիկացիները միավորվել են Ուկրաինայի ժողովրդին սատարելու գաղափարի շուրջ և հայտնել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ֆինանսավորել Պուտինի վարած պատերազմը:
Բայդենն ասել է, որ ռուսական էներգակիրներն արգելելու վճիռը կայացրել է աշխարհում ու հատկապես Եվրոպայում դաշնակիցների հետ խնդիրը մանրամասն քննարկելուց հետո:
Միացյալ Նահանգների նախագահը նշել է, թե հասկանում է, որ եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ կոնկրետ այդ պատժամիջոցին:
«Այս քայլը դժվարություններ կառաջացնի նաև այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Ե՛վ դեմոկրատականները, և՛ հանրապետականները դա գիտակցում են, և՛ դեմոկրատականները, և՛ հանրապետականները հստակ նկատել են տվել, որ մենք պետք է դիմենք այդ քայլին»,- ասել է Բայդենը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը պատրաստվում է այսօր Ռուսաստանի դեմ նոր քայլերի մասին հայտարարել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Shell-ը հրաժարվում է ռուսական նավթի և գազի մատակարարումից