Բելառուսում ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների օգնականներ Միխայիլ Պոդոլյակը և Վլադիմիր Մեդինսկին

Բելառուսում Բելովեժյան թավուտում ավարտվեց Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակների բանակցությունների երրորդ փուլը:

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել է, թե Մոսկվան հուսով է, որ մարդասիրական միջանցքները վաղվանից կաշխատեն: Նրա խոսքով, երրորդ փուլի հետ կապված հույսերը չեն արդարացել:

«Մենք փաստաթղթերի նախագծեր էինք բերել, ուկրաինական կողմը դրանք վերցրել է ուսումնասիրելու համար, ստորագրել չհաջողվեց»,- ասել է Մեդինսկին:

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Միխայիլ Պոդոլյակի փոխանցմամբ, քննարկվել է կրակը դադարեցնելու հարցը, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել: «Կան որոշակի դրական տեղաշարժեր մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցում», - ասել է Պոդոլյակը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը, որը, հավանաբար, վերստին տեղի կունենա Բելառուսում: Նոր հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները մինչ այս հանդիպումը, երկու անգամ արդեն հանդիպել են Բելառուսում, սակայն այդ բանակցությունների ընթացքում համաձայնեցված զինադադարը, որը թույլ կտար խաղաղ բնակիչներին հեռանալ, ձախողվել է: Կողմերը դրանում միմյանց են մեղադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ի՞նչ ես ուզում մեզնից, հեռացիր մեր երկրից»․ Զելենսկին՝ Պուտինին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը պատրաստ է կանգնեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևն ընդունի ՌԴ պահանջները