Մատչելիության հղումներ

Կրեմլը պատրաստ է կանգնեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևն ընդունի ՌԴ պահանջները


Ուկրաինայի դեմ պատերազմից երկու շաբաթ անց Կրեմլը կրկին հայտարարում է, թե պատրաստ է ցանկացած պահի կանգնեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևն ընդունի Ռուսաստանի պահանջները:

«Մեր կարմիր գծերը հստակ են», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր նպատակները շատ պարզ են ու բացատրվել են նախագահ Պուտինի կողմից: Մենք ուզում ենք, որ Ուկրաինան ապառազմականացվի, ուզում ենք տեսնել Ուկրաինա, որը զերծ է նացիստական գաղափարախոսությունից ու տարրերից: Նաև ուզում ենք երաշխիքներ ստանալ, որ Ուկրաինան չեզոք կարգավիճակ է ունենալու, որը կամրագրվի Սահմանադրությամբ: Բացի այդ ուզում ենք մեզ երաշխիքներ տրվեն, որ այդ երկրում չեն տեղակայվի զինատեսակներ, որոնք կարող են փոխել անվտանգության հավասարակշռությունը Եվրոպայում: Մնացածի շուրջ կարող ենք բանակցել», - նշել է Պեսկովը:

Ուկրաինական կողմը պնդում է, թե կարող է համաձայնել չեզոք կարգավիճակի ամրագրմանը, հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկրաներից, սակայն չի կարող ճանաչել, ոչ Ղրիմը, ոչ էլ Դոնեցկն ու Լուգանսկը, Facebook-ում գրել էր Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան:

«Միակ հարցը, որի շուրջ գրեթե անհնար է համաձայնել ռուսական կողմի հետ, Ղրիմը Ռուսաստանի կազմում և, այսպես կոչված, Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումն է», - գրել էր նա, հավելելով, Ուկրաինայի իշխանությունները մտադիր են մնալ երկրում ու պայքարել մինչև վերջ:

«Մի քանի օր առաջ մենք լուրջ խոսկացություն ունեցանք ու որոշեցինք մինչև վերջին րոպեն մնալ Ուկրաինայում: Եվ եթե պետք է մեռնենք, ապա կդառնանք խորհրդանիշ, և մնացած բոլոր ուկրաինացիները կպայքարեն մինչև արյան վերջին կաթիլը», - նշել է Արախամիան:

Բելառուսի արևմուտքում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, թե բանակցությունների օրակարգում են նաև ներքաղաքական հարցեր. «Հարցերի 3 բլոկ է քննարկվում՝ ներքաղաքական, հումանիտար ու ռազմական»:

Արևմտյան երկրները շարունակում են կոշտացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Մինչ այդ արևմտյան երկրները շարունակում են կոշտացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, մասնավորապես, Ռուսատանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներ է սկսել: Այսօր երեկոյան էլ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է եվրոպացի առաջնորդների հետ ևս մեկ անգամ քննարկում անցկացնել: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, հեռավար զրույցին կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Ամերիկան, մասնավորապես, քննարկում է Ռուսաստանին նավթային էմբարգո հայտարարելու հարցը, որը, սակայն, կարող է լուրջ դժգոհություն առաջացնել Եվրոպայում, որը մեծապես կախված է ռուսական էներգակիրներից: Օրակարգում է մնում նաև Ուկրաինայի երկինքը փակելու հարցը: Չնայած նախագահ Զելենսկու հորդորներին՝ արևմտյան երկրները դեռ չեն համաձայնում դրան:

Որոշումից դժգոհ Զելենսկին երեկ ուշ երեկոյան կրկին քննադատեց արևմտյան դաշնակիցներին:

«Ռուսաստանցի զինծառայողներին կարծես քիչ է այն ամենը, ինչ նրանք արդեն արել են։ Խեղված ճակատագրերն ու կյանքերը նրանց քիչ են, նրանք ցանկանում են սպանել բոլորին։ Ռուսաստանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ վաղը ռմբակոծելու է մեր տարածքը։ Եվ ես համաշխարհային որևէ առաջնորդի, որևէ արևմտյան քաղաքական գործչի կողմից այս հայտարարությանն արձագանք չեմ լսել», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ վերլուծաբանների, պատերազմը կործանարար ազդեցություն է ունենալու ռուսական տնտեսության համար

Մինչ ռազմական գործողությունների վերջը չի երևում, վերլուծաբանները փաստում են՝ պատերազմը կործանարար ազդեցություն է ունենալու ռուսական տնտեսության համար: Այս օրերին շատերն են խոսում նոր դեֆոլտի մասին: Պատերազմի դեմ բողոքում են նաև շարքային ռուսաստանցիները՝ չնայած իրավապահների կոշտ գործողություններին, նրանք շարունակում են դուրս գալ բողոքի ակցիաների Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում:

Երեկ ոստիկանները «ոչ պատերազմին» կարգախոսը վանկարկող ռուսաստանցիների դեմ հերթական անգամ բիրտ ուժ են կիրառել, ծեծել նրանց մահակներով, հազարավոր մարդկանց նորից բերան են ենթարկել:

Բողոքի ակցիաները, սակայն, դեռ մարդաշատ չեն, ռուսաստանցիները վախենում են դուրս գալ ակցիաների, ընդդիմադիր առաջնորդներն էլ կամ կալանավորված են, ինչպես Ալեքսեյ Նավալնին, կամ էլ լքել են երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG