Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն քննարկել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։
Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:
Պաշտպանը մտահոգիչ է համարել շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված «ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը»:
Պաշտպանի դիրքորոշմամբ` սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ զրույցում ևս պաշտպանը նշել է, որ նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են համապատասխանաբար և 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Պայմանագրային զինծառայողները գերի էին ընկել անցած մայիսին Գեղարքունիքի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են հրազենով ահաբեկչություն կատարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն հայտարարել էր՝ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի տարածքում և չեն հատել սահմանը։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում պահվող 38 գերիներից երեքը քաղաքացիական անձինք են։ Հայկական կողմի պնդմամբ, սակայն, գերիների թիվ հասնում է առնվազն 80-ի։