Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կբանակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելով, որ ինքը ևս կմասնակցի քննարկումներին։
«Լավրովը հայտարարեց, թե պատրաստ է Անթալիայում մասնակցել այս հանդիպմանը: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս մեզ հայտնեց, որ կմասնակցի հանդիպմանը: Երկու նախարարն էլ պնդեցին, որ ես նույնպես ներկա գտնվեմ: Այս պատճառով հանդիպումը եռակողմ կանցկացվի», - ասել է թուրք նախարարը:
Ըստ Մևյութ Չավուշօղլուի, եռակողմ հանդիպումը նախատեսված է առաջիկա հինգշաբթի՝ մարտի 10-ին։ Դիվանագիտական ֆորումը մեկնարկելու է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու. «Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Անթալիայում»Այս տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը՝ փոխանցվելով, որ երկու նախարարների միջև Անթալիայում շփումներ կլինեն։ Անթալիայում ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնելու պայմանավորվածությանը նախորդել էին թուրք, ռուս և ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների առանձին հեռախոսազրույցները։ Նախ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել ուկրաինական ճգնաժամի խաղաղ ու շուտափույթ հանգուցալուծմանը։ Սրան հաջորդել էին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հեռախոսազրույցները ուկրաինացի և ռուս գործընկերների հետ։
Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ էր արել հրատապ հրադադար հաստատել տարածաշրջանի մարդկանց մտահոգությունը փարատելու և քաղաքական լուծում գտնելու հնարավորություն ստեղծելու համար: Թուրքիայի նախագահը ընդգծել էր կրակը դադարեցնելու, հումանիտար միջանցք բացելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար շտապ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:
Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել էր, որ մշտական կապի մեջ է ուկրաինական կողմի և մյուս երկրների հետ և շարունակելու են ջանքերը ընդգրկուն բանակցություններ անցկացնելու և արդյունքի հասնելու համար:
Այսօր Ռուսաստանի զինված ուժերը հայտարարում էին առավոտյան տասից հրադադարի և մի քանի քաղաքներից, այդ թվում Կիևից մարդասիրական միջանցքներ բացելու մասին։ Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ գոհունակությամբ են ընդունել հրադադարի մասին լուրը:
Թուրք պաշտոնյան Թվիթերում գրել է, թե նախագահ Էրդողանի գլխավորությամբ շարունակելու են իրենց նախաձեռնությունները, որպեսզի հրադադարը մնայուն դառնա և խաղաղությանը միտված բանակցությունները արդյունք տան:
Էրդողանի համար ուկրաինական ճգնաժամը և՛ հնարավորություն է, և՛ վտանգ. Süddeutsche Zeitung
Միջազգային մամուլը Ուկրաիանիա Ռուսաստանի ներխուժումից ի վեր գրում է Թուրքիայի ակտիվացած միջնորդական դերի մասին։ Գերմանական Süddeutsche Zeitung-ը, օրինակ, կարծում է, որ Էրդողանի համար ուկրաինական ճգնաժամը և՛ հնարավորություն է, և՛ վտանգ:
«Երկարատև պատերազմը բացասական հետևանքներ կունենա թուրքական տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, Անկարան շահեկան դիրքում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ: Միջազգային հարթակում վատ հեղինակություն ունեցող Էրդողանը վերջապես կարող է առանցքային ֆիգուր դառնալ: Այսպիսով Էրդողանը կարող է առաջ մղել երկար ժամանակ տարվող քաղաքականությունը, այն է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր անկախ միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև», - եզրակացնում է պարբերականը։
Իսրայելական Jerusalem Post-ը նկատում է. - «Ուկրաինայում ստեղծված իրադրությունը Թուրքիայի համար լավ հնարավորություն է վերադառնալ միջազգային հարաբերությունների խաղասեղան, ինչպես նաև բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ»։
Թուրքիայում Եվրամիության դեսպանը ևս հայտարարել է, որ Բրյուսելը երախտապարտ է Անկարային Ուկրաինայի հարցում ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրելու և համագործակցելու համար:
«Եվրամիությունը, անդամ երկրները, ՆԱՏՕ-ն և Թուրքիան՝ որպես դաշինքի անդամ, միասին բախվեցին այս ագրեսիային: Մենք պետք է համատեղ գործենք», - ասել է եվրոպացի դիվանագետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)