Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Խրամորթի դիրքերի ուղղությամբ. դատախազություն

Լուսանկարը դատախազության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից

Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը սադրանիք է դիմել՝ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից դիրքերի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ, փոխանցում է Արցախի դատախազությունը:

Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է, ասված է հաղորդման մեջ:

Դատախազությունը նաև շեշտում է, որ այսօրվա դեպքը եզակի չէ, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար «սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում» Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։

Ավելի վաղ ադրբեջանական կողմն, իր հերթին, հաղորդել էր, թե հայկական կողմն այս առավոտյան գնդակոծել է Լեռնային Ղարաբաղում իրենց դիրքերը` Աղդամի ուղղությամբ:

Խրամորթը սահմանակից է Աղդամին, մի ճանապարհով են բաժանվում:

Արցախի ԱԻՊԾ խոսնակն էլ հայտնել էր, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: