Լինդա Թոմաս-Գրինֆիլդ. «Աշխարհն Աստծո ողորմությամբ մեծ փորձանքից փրկվեց»

Զապորոժիեի ատոմակայանը ենթարկվում է ռուսների հրետակոծմանը, Էներգոդար, 4 մարտի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները և դաշնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ խստորեն դատապարտել են Զապորոժիեի ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու և կայանը գրոհով վերցնելու ռուսների մարտավարությունը:

Մարտի ընթացքում մի քանի ականներ հարվածել են Զապորոժիեի շրջանի Էներգոդար ավանի մոտ գտնվող ատոմակայանի շենքին:

«Երեկ աշխարհն Աստծո ողորմությամբ մեծ փորձանքից փրկվեց, այս հարձակումը վկայում է, թե ինչ ծայրահեղ լարվածության է գնում Ռուսաստանը: Հարձակումը սպառնում էր Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպայի խաղաղ բնակիչներին»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Զապորոժիեի ատոմակայանը Եվրոպայում ամենախոշորն է: Փորձագետների համոզմամբ, եթե շենքը չդիմանար՝ մայրցամաքի մի մեծ հատված կվերածվեր աղետի գոտու:

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան ասել է, որ եթե ատոմակայանի միջուկային նյութերի սառեցման համակարգը շարքից դուրս գար, արտանետումն անդառնալի վնաս կհասցներ ամբողջ Եվրոպայի շրջակա միջավայրին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ենթադրում է, որ շենքին հարվածել են ռուսների արձակած արկերը, սակայն կառույցը դիմացել է, և ճառագայթման ֆոնի աճ չի գրանցվել: