«Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը», - գրել է Էմանյուել Մակրոնը Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում։
«Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ», - Հայաստանի վարչապետին գրել է Ֆրանսիայի նախագահը՝ շարունակելով․ - «Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնկառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաև բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական և տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»։
«Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի:
Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի ամրապնդվել՝ շնորհիվ տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, համաճարակային ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պատվաստանյութի չափաբաժինների տրամադրման, ինչպես նաև վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։
«Հավատացած եղեք, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին մեր գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին», - գրել է Մակրոնը Փաշինյանին։