Հայաստանը սկսում է երկաթուղու վերականգնվող հատվածի դաշտային աշխատանքները

«Մենք թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանում, դաշտային աշխատանքներին», - այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ զուգահեռ դե յուրե կամրագրեն այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։

«Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում, այսինքն՝ մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք», - ասաց Փաշինյանը։

Կառավարության նախորդ նիստին Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ տեղեկացնելով, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում՝ առանց մանրամասներ հրապարակելու։

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է, այսօր նշեց, որ մասնագիտական խումբը վաղն առավոտյան կմեկնի Մեղրի, և որ 9 հոգուց բաղկացած խումբը ղեկավարում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը։

«Երկուշաբթի օրը երկու հոգի կմիանան «Ռուսական երկաթուղիներից» և երկու- երեք շաբաթվա ընթացքում՝ և՛ գեոդեզիական, և՛ երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն, պաստառի վիճակը կուսումնասիրվի, բետոնային բոլոր կառույցները կուսումնասիրվեն, կսքանավորեն, բոլոր կառույցները, որոնք հետագայում խանգարելու են էդ շինարարությանը և վերաբնակեցման խնդիր կարող է առաջանալ, կգույքագրվեն, և էդ համալիր հետազոտության արդյունքները կդրվեն առաջադրանքի և նախագծի հիմքում», - ասաց Թումանյանը։

Կառավարությունն այդ աշխատանքների համար այսօր գումար հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Վերջում Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս ամենը դիտարկում են «Հայկական խաչմերուկի» շրջանակներում։

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հայտարարում է «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին