Ղազախստանի իշխող կուսակցությունը վերանվանվել է՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ ստեղծված «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») կուսակցությունն այսուհետ կկոչվի «Ամանաթ» («Նախնիների կտակ»):
Երկրի ղեկավար, կուսակցության առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ելույթ ունենալով համագումարում, հայտարարել է, որ «կուսակցության ռեբրենդավորումն այնքան էլ այն անվանափոխելու, ցուցանակի փոփոխման մասին չէ, առաջին հերթին անհրաժեշտ է վերակառուցել ամբողջ կուսակցական աշխատանքը»։
Ըստ Տոկաևի, «թարգմանաբար ամանաթ բառը նշանակում է նախնիների կտակ, մանդատ ապագա սերունդներին, սա խորը հասկացություն է, որն առանձնահատուկ սիմվոլիկա ունի մեր ժողովրդի պատմության և մշակույթի մեջ»։
Ղազախստանի իշխող կուսակցությունը ստեղծվել է 1999 թվականին երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ՝ որպես «Օթան» կուսակցություն։ Այնուհետև այն վերանվանվել է «Նուր Օթան»։
Հունվարի վերջին «Նուր Օթան»-ի հիմնադիր և անփոփոխ առաջնորդը հրաժարվեց այդ պաշտոնից՝ փոխանցելով այն Տոկաևին։
Դա տեղի ունեցավ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերից և անկարգություններից հետո, որոնք ճնշվեցին ՀԱՊԿ զորքերի օգնությամբ։