Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի տարածք մուտք գործած Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Եվրոպայի խոշորագույն Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ ատոմակայանի անձնակազմը «շարունակում է բնականոն ռեժիմով կատարել իր պարտականությունները»։
Ուկրաինայի ատոմային էներգետիկան կառավարող «Էներգոատոմ» ընկերությունից, սակայն, կտրականապես հերքում են պաշտոնական Մոսկվայի տարածած այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը և դրա հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքը շարունակում են վերահսկվել ուկրաինական բանակի կողմից։
Եթե Ռուսաստանի ԶՈՒ տարածած տեղեկատվությունը հաստատվի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը Ուկրաինայի տարածքում գործող չորս ատոմակայաններից երկրորդը կլինի, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր անցած կլինի ռուսական վերահսկողության ներքո։ Առաջինը Չեռնոբիլի ատոմակայանն է, որ ռուսական զորքերի վերահսկողության տակ անցավ պատերազմի առաջին իսկ օրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ահազանգում է, որ ռուսաստանցի զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ԱԷԿ-ը