Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Կիևի բնակիչները կարող են անարգել լքել քաղաքը։ Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դիմում ենք Կիևի բնակիչներին։ Բոլոր քաղաքացիականները կարող են անարգել լքել Ուկրաինայի մայրաքաղաքը՝ օգտվելով Կիև-Վասիլկով ճանապարհից։ Այդ ուղղությունը բաց է և անվտանգ», - հայտարարում էր ռուսաստանյան բանակի ներկայացուցիչը։
Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող քաղաքացիական անձանց տարհանման շուրջ հակասական տեղեկությունները սկսեցին ի հայտ գալ կիրակի ուշ երեկոյան։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, AP գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքն ամբողջությամբ շրջափակված է։
«Մենք չենք կարող տարհանել քաղաքացիական բնակչությանը, քանի որ բոլոր ճանապարհները արգելափակված են, մենք շրջապատված ենք, ամենուր ռուսներ են», - հայտարարել էր Կլիչկոն։
Հարցազրույցի հրապարակումից քիչ անց ուկրաինական իշխանությունները հերքել էին Կլիչկոյի հայտարարությունները, ինչից հետո AP հրապարակել էր Կիևի քաղաքապետի հետ հարցազրույցի ձայնագրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը Կարմիր խաչին խնդրում է տարհանել զոհված ռուսաստանցի զինվորների մարմինները