«Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից։ Հակառակ դեպքում՝ ձեր նկատմամբ ուժ կկիրառվի», - Արցախի Ասկերանի շրջանի սահմանային Խրամորթ գյուղի բնակիչներն արդեն երրորդ օրն է՝ հարակից ադրբեջանական դիրքից այս հաղորդագրությունն են լսում։
Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը փոխանցում է՝ «բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն»։ Ադրբեջանցիների հետ այժմ բանակցում են, տեղեկացնում է Թադևոսյանը։
«Ոստիկանության ծառայողները այս պահին էլ գտնվում են Խրամորթում, հենց այս պահին ռուս խաղաղապահները գտնվում են ադրբեջանական կողմի հետ բանակցությունների մեջ, որպեսզի դադարեցնեն այդ սադրանքները», - ասաց Արցախի ՆԳՆ խոսնակը։
Գրական հայերենով հնչող ադրբեջանական ձայնագրությունը խրամորթցիներին նաև կոչ է անում չպատրաստվել պատերազմի ու եթե ցանկանում են մնալ այնտեղ՝ հնազանդվեն Ադրբեջանի օրենքներին։
«Այս ամենն անհանգստացնող է», -ասում է Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը. «Ո՞նց կարող է անհանգստություն չլինի: Մարդկանց վրա չի ազդում, բայց երեխաների վրա ազդում է, դողում են, հասկացող երեխաներ են, իմանում են, որ թուրք է»։
Համայնքապետը նշում է նաև՝ այդ ձայնագրությունից զատ ադրբեջանցիները բարձրախոսով մուսուլմանական աղոթք՝ նամազ են հնչեցնում։ Ադրբեջանական մամուլում նաև նման տեսանյութ է տարածվել։
Իրավիճակը շտկելու համար այս պահին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունները շարունակվում են, արդյունքների մասին ավելի ուշ կհայտնեն, տեղեկացնում է համայնքի ղեկավարը։
Խրամորթում 100 ընտանիք է ապրում, նրանց կողքին են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիքներ։ Գյուղը սահմանային է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։
Խրամորթի բնակիչների անհանգստությունների մասին է բարձրաձայնում նաև մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով այսօր եղել է Խրամորթում, տեղում ծանոթացել իրավիճակին:
«Ադրբեջանցիների կողմից բարձրախոսներով հայ բնակչությանն ուղղված «կոչերն ու հորդորները» բնակչությանն ահաբեկելու ուղիղ դիտավորություն ունեն, համայնքում մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները», -ասում է Արցախի օմբուդսմենը։
«Հենց մեր գյուղում գտնվելու ժամանակ, նաև ռուսական խաղաղապահներն են այցելել գյուղ և ամբողջությամբ տեղեկացված են իրական իրողություններին», - հայտնեց Ստեփանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները խրամորթցիներին զենքով արգելել են այգիները մշակել, ականատես են եղել խաղաղապահները. համայնքապետԱդրբեջանական կոչերից բացի, Խրամորթում շուրջ 10 օր առաջ ևս միջադեպ էր գրանցվել. դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ էին ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ արձակել, վնասել գյուղտեխնիկան: Պաշտոնական Բաքուն այս միջադեպը ներկայացնում էր, թե հայերը փորձել են խրամատներ փորել՝ գյուղաշխատանքների քողի ներքո: Ներքին գործերի նախարարության խոսնակն ասում է՝ ադրբեջանցիների կողմից տեսանելի է, որ բնակիչները գյուղատնտեսությամբ են զբաղվում։
«Իրենց կողմից տեսահսկվում է, և իրենք տեսնում են, որ մարդիկ սովորական բնակիչներ են, քաղաքացիական մարդիկ ու այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում։ Իսկ իրենք դա վերագրում են ինժեներական կամ ամրաշինական աշխատանքների», - ասաց Հունան Թադևոսյանը:
Այս դեպքից մեկ օր անց էլ՝ «գնացեք, էլ չգաք», խոսքերով ադրբեջանցիները խաղողի այգիներ էին մտել ու այդտեղ խաղողի վազեր էտող գյուղացիներին դուրս հրավիրել իրենց այգիներից: Խաղողի այգիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում են, մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը հենց այգեգործությունն է մնացել, քանի որ անասնապահությամբ զբաղվելու համար արոտավայր արդեն չունեն։