ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ հայտարարություններ են արել։
«Միայն Ռուսաստանն է պատասխանատվություն կրում մահերի համար»
«Միայն Ռուսաստանն է պատասխանատու ավերածությունների համար», որը կբերի Ուկրաինայի վրա հարձակումը, հայտարարել է Ջո Բայդենը։
«Ողջ աշխարհի աղոթքները Ուկրաինայի ժողովրդի համար են, որը տառապում է ռուսական ուժերի կողմից չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով։ Նախագահ Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմի ճանապարհը, որը կհանգեցնի մարդկային ահռելի կորուստների և տառապանքի։ Միայն Ռուսաստանն է պատասխանատվություն կրում մահերի համար, որը կբերի այս հարձակումը, և Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական եղանակով։ Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ առավոտյան մեծ յոթնյակի երկրների հետ հանդիպում կանցկացնի, որից հետո ԱՄՆ ժողովրդի առջև ուղերձով հանդես կգա, որպեսզի բացատրի Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։
«Պուտինը ընտրել է արյունահեղության և ավերածության ճանապարհը»
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է ուկրաինական սարսափելի իրադարձություններից։ Նրա խոսքով, Պուտինը ընտրել է արյունահեղության և ավերածության ճանապարհը։Վարչապետը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ու դաշնակիցները վճռական պատասխան կտան։
«Վճռականորեն դատապարտում եմ ՌԴ-ի այս անխոհեմ, չհրահրված հաձրակումը»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե Ռուսաստանը «անխոհեմ և ոչ մի բանով չհրահրված հարձակում է սկսել Ուկրաինայի դեմ։
«Ես վճռականորեն դատապարտում եմ Ռուսաստանի այս անխոհեմ և չհրահրված հաձրակումը Ուկրաինայի դեմ, որը վտանգի տակ է դնում անհամար խաղաղ բնակիչների կյանքը։ Հերթական անգամ, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։
Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայտարարեց Ուկրաինայում «հատուկ գործողության» մասին․ պայթյուններ, կրակոցներ Կիևում և այլ քաղաքներում