Եվրամիությունը «հնարավորինս խստագույն ձևով դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան»

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշել և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարությամբ են հանդես եկել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «աննախադեպ և չհրահրված ռազմական ագրեսիայի» կապակցությամբ՝ «հնարավորինս խստագույն ձևով դատապարտելով» այն։

«Իր չհրահրված և չարդարացված ռազմական գործողություններով Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է միջազգային օրենքը, վտանգում եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը», - ասված է հայտարարությունում։

Եվրամիության ղեկավարները Ռուսաստանին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և ամբողջապես հարգել այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ «Ուժի նման գործադրումը և հարկադրանքը տեղ չունի 21-րդ դարում», - ասված է հայտարարությունում։

Հաղորդվում է նաև, որ Միշելն այսօր Եվրոպական խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ անդրատլանտյան գործընկերների հետ սերտ համակարգմամբ քննարկելու ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի նկատմամբ հետագա «զսպող միջոցառումները, որոնք զանգվածային ու ծանր հետևանքներ կթողնեն Ռուսաստանի վրա՝ իր գործողությունների համար»։ Եվրահանձնաժողովը վերջնական տեսքի է բերում նոր պատժամիջոցների փաթեթը, որը ԵՄ խորհուրդը շատ արագ կընդունի։

«Ցավում ենք կյանքի կորուստների և մարդկային տառապանքների համար։ Եվրամիությունը և անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական արձագաքի։ Կոչ ենք անում Ռուսաստանին և Ռուսաստանի սատարած զինյալ կազմավորումներին հարգել միջազգային մարդասիրական օրենքը», - ասված է հայտարարությունում։

Եվրամիությունն ամուր կանգնած է Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին և կշարունակի քաղաքական, ֆինանսական ու մարդասիրական օժանդակություն ցուցաբերել, նշված է հաղորդագրությունում։

«Մենք համակարգում ենք մեր արձագանքը մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի հետ, որոնց առաջնորդներն այսօր հանդիպելու են», - հայտարարում են Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից։
Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։