Հայաստանը կդիմի միջազգային կառույցներին Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումը դադարեցնելու նպատակով

Հայաստանը կդիմի միջազգային կառույցներին ու Ինտերպոլին՝ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումը դադարեցնելու նպատակով։ «Ազատությանը» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Բոլոր նմանատիպ իրավիճակներում դատախազության կողմից արվում են ճշտումներ, համապատասխան խողովակներով և նախաձեռնում են նաև դրանից բխող կոնկրետ գործողություններ միջազգային հետախուզումների հետ կապված՝ Ինտերպոլի, ԱՊՀ-ի խողովակով Ադրբեջանի հնարավոր հարցումների և դրանից բխող հարցումների, միջնորդությունների հետագա, կասեցնելու ուղղությամբ», - նշեց Աբրահամյանը։

Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն էր երեկ հայտարարել, որ «Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»։ Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանին ու Սարգսյանին մեղադրում են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի օրենքները ոտնահարելու, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ


Սերժ Սարգսյանի գրասենյակը երրորդ նախագահի նկատմամբ հետախուզումն ու մեղադրանքի առաջադրումը զավեշտ էր որակել։

«Տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու», - ասված էր Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ։

Պատերազմից հետո Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածում ադրբեջանական իշխանությունների կողմից մի շարք հայ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ, ինչպես օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և այլոց նկատմամբ։

Կոնֆլիկտային նման իրավիճակներում միջազգային կառույցները հարցումների վերաբերյալ զգուշավոր են, այդուհանդերձ, բոլոր հարցումների դեպքում Հայաստանի դատախազության դիմումները արդյունքներ տվել են, պնդում է Գոռ Աբրահամյանը։

Բայց արդյոք հետապնդումները դադարեցվե՞լ են, գլխավոր դատախազի խորհրդականը չի պարզաբանում. «Դրանք արդյունավետ միջոցներ են, դրանք արդյունքներ տալիս են, այնպես որ միջազգային հետախուզումների մակարդակով այդ բոլոր գործընթացները, ըստ էության, կասեցնելուն ուղղված միջոցառումները մեր կողմից եղել են արդյունավետ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի դատախազությունը խոստանում է հնարավորինս արագ ձերբակալել Արայիկ Հարությունյանին


Օրերս, սակայն, Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանն էլ իր հերթին է հայտարարել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, հարուցված մի քանի քրեական գործերով նրանց մեղադրյալ ներգրավվելու, միջազգային հետախուզում հայտարարելու մասին։ Հայկական կողմը, սակայն, չի պարզաբանում, թե ովքեր են այդ բարձրաստիճան պաշտոնյաները։