Այսօր Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները՝ Պետդուման և Դաշնային խորհուրդը վավերացրեցին Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագրերը։
Փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Պետդումայում ասել է, որ ըստ համաձայնագրերի, կողմերը պետք է միմյանց օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերեն, ենթադրվում է նաև ռազմակայանների տեղադրում։
Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ճանաչելով Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, նրանց ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրեր։
Այնուհետև Պուտինը բանակին կարգադրեց ապահովել Դոնեցկի ու Լուգանսկի անվտանգությունը, իսկ ԱԳՆ-ին կարգադրեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրանց հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «Սադրանքների չենք տրվում»Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր, Էստոնիայի նախագահի հետ Կիևում կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է, որ դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։
Զելենսկին նաև ասել է, թե կարծում է Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ, Ռուսաստանի կողմից ուժեղ սրացումներ չեն լինի, իսկ եթե լինի, Ուկրաինայում ռազմական դրություն կհայտարարի։
Եվրամիությունը տեղի ունեցածը գնահատել է միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։ Միացյալ Նահանգները Դոնեցկի ու Լուգանսկի հանդեպ պատժամիջոցներ է հայտարարել, արգելելով նրանց հետ առևտուրը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, թե կարգադրել է սառեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացման գործընթացը։ Եվրամիության դեսպանները Բրյուսելում արտահերթ նիստ են գումարել։
Ուկրաինան դաշնակիցներից ակնկալում է հստակ աջակցություն ու գործողություններ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ուշ երեկոյան հանդես է եկել տեսաուղերձով, ասելով, որ Ուկրաինան դաշնակիցներից ակնկալում է հստակ աջակցություն ու գործողություններ, այլ ոչ թե միայն խոսքեր։
«Ռուսաստանի վերջին գործողությունները Ուկրաինան միանշանակ գնահատում է մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Այդ որոշումների հետևանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության վրա»,- ասել է Զելենսկին, ընդգծելով, որ Ուկրաինան միջազգայնորեն ճանաչված սահմաններով պետություն է և այդպիսին էլ մնում է՝ անկախ ամեն ինչից, անկախ Ռուսաստանի ցանկացած հայտարարություններից ու գործողություններից։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեկնել է Վաշինգտոն, պետքարտուղար Բլինքենի հետ բանակցելու նպատակով։ Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բանակին հղած ուղերձում ասել է, որ Ուկրաինայի անջատական շրջանների անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումը նախկին Խորհրդային Միությանը վերականգնելու ևս մեկ քայլ է, Վարշավյան նոր պակտով ու Բեռլինի նոր պատով։
«Կլինեն դժվարություններ, կլինեն կորուստներ, մենք ստիպված ենք դիմանալ ցավին և հաղթահարել վախն ու հուսահատությունը։ Բայց մեզ անկասկած հաղթանակ է սպասում, որովհետև մենք մեր հողի վրա ենք և մեզ հետ է արդարությունը»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Դոնեցկի ու Լուգանսկի սահմանների հարցով անորոշ հայտարարություններ Ռուսաստանից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը երկրներին կոչ է անում հետևել իր օրինակին՝ ճանաչել Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններըԴոնեցկի ու Լուգանսկի սահմանների հարցով Ռուսաստանից անորոշ հայտարարություններ են հնչում։ Չնայած փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել էր, որ ճանաչումը կլինի այն սահմաններով, որը վերահսկում են Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները, բայց ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը սահմանների հարցերին խուսափողական պատասխաններ է տվել։ Ճշգրտող ութ հարցերի պատասխաններում Դմիտրի Պեսկովը որևէ հստակ բան չի ասել։
Բանն այն է, որ ռուսամենտ անջատականները Ուկրաինայի արևելքում վերահսկում են Դոնեցկի ու Լուգնասկի մարզերի տարածքի մեկ երրորդը, մեծ մասը՝ երկու երրորդը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Անջատականները 2014-ին, երբ հայտարարում էին իրենց անկախությունը, նկատի ունեին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ամբողջ տարածքը։
Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումից անմիջապես հետո ռուսական ֆինանսական շուկաներում հիմնական ցուցիչները ընկան 7-8 տոկոսով, դոլարի ու եվրոյի կուրսը բարձրացավ, ռուբլու փոխարժեքն ընկավ, պետական արժեթղթերի գները այսօր առավոտյան ընկան երեք տոկոսով՝ հասնելով 2015 թվականի մակարդակին։ Նավթի գինը բարձրացավ։