Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 753-ով, բուժվածներինը՝ 2075-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 753-ով՝ հասնելով 416 հազար 510-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 75-ով և հասել 394 հազար 155-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 588 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 870 հազար 459-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 354-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 408 մարդ։

Այսօր, հրավիրված ասուլիսի ժամանակ, Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված ընդհանուր 190 երեխա, 3-ի վիճակը հարաբերական ծանր է։

Հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։

Նախարարությունը նշում է, որ ըստ գիտնականների, «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։

Արցախում՝ 81 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում իրականացվել է 255 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 60 վարակակիր։

2022 թվականին կատարվել է 8 հազար 63 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել: