Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավված եվրոպացի դիվանագետի հետ հանդիպմանը Ալիևը կրկին անդրադարձել է առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին։
«Հիշեցնելով, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ավելի քան 4000 մարդ է անհետ կորել՝ նախագահ Ալիևն ընդգծել է անցած տարեվերջի բրյուսելյան հանդիպման և փետրվարի սկզբին կայացած քառակողմ հեռավար հանդիպման արդյունքում անհետ կորածների ճակատագրի և զանգվածային հուղարկավորության վայրերի հստակեցման հարցում Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում որդեգրելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս ամսվա սկզբին, երբ Ադրբեջանը վերադարձրեց հայ գերիների վերջին՝ ութ հոգանոց խմբին, այդ երկրի գերիների և անհետ կորածների հանձնաժողովը հայտարարեց, թե Բաքուն փոխարենը Հայաստանից տեղեկություն է ակնկալում 90-ականներին ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին։ Բաքվից հնչող մեղադրանքների ֆոնին, թե Հայաստանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին է վերադարձել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող 100-ից ավելի մարմին, և այդ գործընթացը շարունակական է լինելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը և Կլաարը քննարկել են ԵՄ 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացումըԱյսօրվա հանդիպմանը Ալիևը դրական է գնահատել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներդրումը Ադրբեջան-Եվրամիությունն հարաբերությունների զարգացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, կողմերը մտքեր են փոխանակել հաղորդակցության ուղիների վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և մի շարք այլ սկզբունքային խնդիրների շուրջ։
Տոյվո Կլաարը այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ողջունել է Եվրամիության ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում խաղաղաշինական ջանքերը, մասնավորապես Եվրոպական խորհրդի բարձր ղեկավարության նախաձեռնությամբ անցկացված հանդիպումները: Բայրամովը ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի այդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում:
Նա նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման և վերականգնման աշխատանքներում:
Տոյվո Կլաարն էլ իր հերթին ընդգծել է Եվրամիության պատրաստակամությունը` աջակցել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման ապահովմանը:
Ճիշտ մեկ շաբաթ առաջ եվրոպացի դիվանագետը Երևանում էր, որտեղ նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կողմերը քննարկել էին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը, կարևորվել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: