«Հայաստան» խմբակցությունը վերականգնում է մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը վերականգնում է մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Այս մասին դաշինքը հայտարարությամբ է տեղեկացնում` նշելով` հաշվի են առել այն, որ իրենց խմբակցության պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ իրենց պահանջների զգալի մասը լուծվել է:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը գործուղման հրավեր չի ստացել. խմբակցությունն ինքը ավելի վաղ հայտարարել էր՝ կասեցնում են միջազգային պատվիրակություններում իրենց մասնակցությունը, քանի դեռ միջազգային պատվիրակություններում ընդգրկված իրենց գործընկերները քրեական գործերով պայմանավորված երկրից դուրս գալու արգելք ունեն:

Խմբակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա ընդունված որոշմամբ պատգամավորներն ազատ են արձակվել, այսօր տարածած հայտարարությամբ հիշեցնում է երկրորդ նախագահի առաջնորդած քաղաքական ուժը` հավելելով, որ իշխանությունները որոշ պատգամավորների նկատմամբ շարունակում են նույն ակնհայտ ապօրինի մոտեցումը:

Բարձր դատարանը վճռել էր, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Այս որոշման արդյունքում ազատ արձակվեցին պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը։

«Իշխանություններն ամեն կերպ ապօրինաբար կալանավորված են պահում նաև մեր Դաշինքի մի շարք անդամների: Սակայն ինչպես պատգամավորների ապօրինի կալանավորումները, այդպես էլ այս կոպիտ խախտումների վերացման հարցում դրական արդյունք ենք ունենալու», - նշում է ընդդիմադիր դաշինքը:

Ավելի վաղ խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ մասնակցելու են Երևանում սպասվող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի նիստին։