Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, սակայն պատվիրակության կազմում միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն են։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը գործուղման հրավեր չի ստացել. խմբակցությունն ինքը ավելի վաղ հայտարարել էր՝ կասեցնում են միջազգային պատվիրակություններում իրենց մասնակցությունը, քանի դեռ միջազգային պատվիրակություններում ընդգրկված իրենց գործընկերները քրեական գործերով պայմանավորված երկրից դուրս գալու արգելք ունեն:
Ընդդիմադիր մյուս ուժի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով նախապես համաձայնել էր մեկնել ԱՄՆ, երեկ չեղարկել է իր այցը։ Նրա մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի փոխանցմամբ՝ թռիչքից ընդամենը ժամեր առաջ Վանեցյանին Ազգային ժողովից տեղեկացրել են, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի, և Վանեցյանը նրանց թվում չէ:
«Պարոն Վանեցյանը չեղարկել է այցը, որովհետև այն նպատակը աշխատանքային, որ սահմանվել էր պարոն Վանեցյանի կողմից, այսինքն՝ բարձրաձայնել Հայաստանին հատկապես անվտանգային մասով հուզող հարցերը, հնարավոր չեղավ կատարել՝ օրակարգի փոփոխությամբ պայմանավորված։ Իսկ օրակարգը փոխվեց հետևյալ ձևով՝ հիմնական մեխը այցի հանդիպումն էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, մնացած հանդիպումները կամ միջոցառումները արարողակարգային բնույթ էին ավելի շատ կրելու», - ասաց Սոս Հակոբյանը։
Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վաշինգտոն աշխատանքային այցը հնգօրյա է, պատվիրակության կազմը որոշվել է Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ. նախապես 11 հոգի էին, Արթուր Վանեցյանի հրաժարվելուց հետո՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկվածների թիվը դարձավ 10, այդ թվում՝ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակազմից անդամներ, Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ու օգնականը։
Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը մասնակցելու են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։
«Իշխանությունը իր ասելիքը, տեսակետը ներկայացնելու համար ուներ առնվազն 2 տեղ՝ դեսպանի տեսքով ու խորհրդարանի ղեկավարի, եթե ընտրեին, օրինակ, իրան որպես ներկայացուցիչ։ Բայց Վերջին 3-րդ տեղը գոնե պետք է հատկացվեր ընդդիմությանը քաղաքական մշակույթի ու ժողովրդավարության տրամաբանությունից ելնելով, բայց իշխանությունը այդպիսի ընտրություն է արել, որ պետք է իրենց խմբակցության ղեկավարը ընդգրկվի, այսինքն՝ ամբողջապես քպականացված, քպաֆիկացված պատվիրակություն լինի հանդիպման ժամանակ, որն արդեն դարձնում էր անիմաստ մասնակցելը թե՛ այցին, թե՛ ԱՄՆ մեկնելուն։ Սա նախևառաջ հակաժողովրդավարական է, որովհետև Հայաստանի Հանրապետության հատկապես այն ընտրողները, որ պատուհաս իշխանություններին ձայն չեն տվել, իրավունք ունեն, որպեսզի ընդդիմադիր կեցվածքով անձ ներկայացնի նաև իրենց բողոքը, վստահ եմ, որ այդ իրավունքն ու ցանկությունը հասարակությունը ունի», - ընդգծեց Վանեցյանի մամուլի խոսնակը։
Ընդդիմադիրները անընդունելի են համարում նման գործելաոճը, ասում են՝ կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրությո՞ւն կա։ Ազգային ժողովի նախագահի խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա ևս մեկնել է ԱՄՆ, իսկ իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կայացված որոշման մանրամասներին այս պահին չի տիրապետում, խմբակցությունից որևէ մեկը չի կարող հարցերին պատասխանել, խոստացավ երկուշաբթի տեղեկություն տրամադրել։
«Պարոն Վանեցյանը չէ, որ կայացրել է չգալու որոշումը»
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը նյութի հրապարակումից հետո՝ երկուշաբթի օրը արձագաքանելով Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ասել է. - «Հանդիպումը նախատեսված է ԱԺ նախագահի հետ, այլ ոչ թե ԱԺ-ի։ Եվ ԱԺ նախագահը ինքն է որոշում պատվիրակության կազմը: Կարծում եմ պարոն Վանեցյանը չէ, որ կայացրել է չգալու որոշումը, քանզի ի սկզբանե պատրաստ է եղել գալու, և հանդիպումներին մասնակցությունն իր հետ չի քննարկվել»։