Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծը

Արցախի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում

Արցախի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, ենթադրվում է այդ հատվածներում որևէ գործունեության համար պատասխանատվություն Ադրբեջանի կողմից։

«Եթե մեր պետության տարածքների մեծ մասը բռնազավթված է և պատերազմի հետևանք է, բնական է, որ այդպիսի օրենք պետք է, սա հրամայական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ այն համարելով՝ բնական և սպասելի։

«Սա շատ կարևոր է, որպեսզի մենք և՛ գնահատական տանք մեր անցած ճանապարհին, գնահատական տանք, թե ինչ է տեղի ունեցել, և՛ ինչ-որ տեղ մատնանշենք, նախանշենք մեր անելիքները», - ասաց Բաբայանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021-ի հունիսին հանդիպեցին Շուշիում։ Էրդողանն ու Ալիևը բանակցություններից հետո թուրք-ադրբեջանական միութենական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր ստորագրեցին, որը ստացավ «Շուշիի հռչակագիր» անունը։ Պաշտոնական Երևանն ու Արցախը դատապարտեցին Թուրքիայի նախագահի այցը Շուշի, հայտարարություններն ապօրինի որակեցին։ Հռչակագրի ստորագրումից մեկ օր անց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որը կառավարությունում հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Բեգլարյանը նաև օրինագծից որոշ մեջբերումներ հրապարակեց, մասնավորապես, որ «Բռնազավթված տարածքի» կարգավիճակ կստանան Արցախի բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բռնազավթված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության և այլ օրենքների գործողությունը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարությունները դատապարտում են Էրդողանի այցը Շուշի