Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ասում է, որևէ դիմում կամ հարցում չեն ստացել առ այն, որ Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնել էին Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:
«Ադրբեջանը փորձում է վախ սերմանել, չի բացառվում, որ նաև փորձեն ինչ-որ ձևով վնաս հասցնել Արցախի պաշտոնյաներին` հարձակվել նրանց վրա», - «Ազատության» հետ զրույցում նկատեց Դավիթ Բաբայանը:
Նրա հետ զրույցից մի հատված ստորև.
«Ազատություն». - Ադրբեջանի իրավապահները հայտարարել են, որ սուղ ժամկետներում կալանավորելու են Արցախի նախագահին: Ստեփանակերտը որևէ հարցում, դիմում ստացե՞լ է սրա վերաբերյալ, մասնավորապես ռուսական կողմից. ինչո՞ւ են հանկարծ հիշել Արայիկ Հարությունյանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի դատախազությունը խոստանում է հնարավորինս արագ ձերբակալել Արայիկ ՀարությունյանինԴավիթ Բաբայան. - Ռուսական կողմը, կարծում եմ, այստեղ ճիշտ չէ նշել, այսինքն` դա Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության մի մասն է, և գիտեք` իրենք ունեն մարդիկ, որոնք որոնման ցանկում են, ես էլ եմ այդ որոնման ցանկում, համար երկրորդն եմ գալիս նախագահից հետո:
Նման քայլերով, իհարկե, Ադրբեջանը փորձում է վախ սերմանել, չի բացառվում, որ նաև փորձեն ինչ-որ ձևով վնաս հասցնել Արցախի պաշտոնյաներին` հարձակվել նրանց վրա: Այս 2-3 տարվա ընթացքում, մինչև դեռևս, հուսով ենք, երկարաձգվի ռուս խաղաղապահների խաղաղապահ առաքելությունը, նրանք մինչ այդ դիմելու են տարբեր ձևի սադրանքների: Եվ սադրանքներից մեկը, ըստ ամենայնի, սա է լինելու, և փորձելու են այսպիսի ձևերով մեկին վնաս տալ, թեկուզ կյանքին սպառնալ, բռնել մեկին, առևանգեն, տանեն, հանրային ինչ-որ ձևով նվաստացնեն և այլն, այսպիսի բաներ, որոնք միշտ իրենք արել են: Այսինքն` սա ահաբեկչական երկիր է և շարունակում է այդպիսի քաղաքականությունը, որը բնական է և սպասելի, այստեղ որևէ նոր բան չկա:
«Ազատություն». - Ես նկատի ունեի, որ գուցե դիմել են ռուսական կողմին միջնորդության համար այդ հարցով:
Դավիթ Բաբայան. - Ո՛չ, այդպիսի բան ընդհանրապես չի էլ կարող լինել, և սա իրենց նախաձեռնությունն է, և ավելին` իհարկե, կան որոշ երկրներ, օրինակ` Թուրքիան, որը նույնպես սատարում է: Մենք չենք կարող, իհարկե այդպիսի նպատակ էլ չունենք, ցանկություն էլ չունենք, բայց նույն Թուրքիայում մեզ հավասար վտանգներ սպառնում են, և մի շարք այլ երկրներում, որոնք հանդիսանում են նրանց դաշնակիցները:
«Ազատություն». - Պարո՛ն Բաբայան, իսկ կապի մեջ ե՞ք ռուսական կողմի հետ Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում, հատկապես Ադրբեջանի արդեն պաշտոնական հայտարարությունների ֆոնին, որ հայկական հետքը կեղծ է, և դրանք վերացնելու են իրենք:
Դավիթ Բաբայան. - Ի՞նչ առնչություն ունեն խաղաղապահները, երբ որ նրանք ոչնչացնում են Արցախի օկուպացված տարածքը: Սա միջազգային հանրության տիրույթում է գտնվում, ՅՈՒՆԵՍԿO-ի, քաղաքակիրթ աշխարհի, և ամեն ինչ կապել ռուսական կողմի հետ, ճիշտ չէ, սա ընդհանրապես իրավիճակը չի արտացոլում: Ռուսական կողմը կանգնած չի Հադրութում, ռուսական կողմի ներկայությամբ չեն ոչնչացնում այս ամեն ինչը, ինչի՞ եք անընդհատ ռուսական կողմը այստեղ նշում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը շարունակում է պնդել, թե հայերը պղծել են ադրբեջանական սրբավայրերըՍա միջազգային հանրության համար է մարտահրավեր, որի մասին մենք բազմաթիվ անգամ ասել ենք բոլոր միջազգային կառույցներին, որովհետև այն, ինչ կատարվել է, մշակութային ցեղասպանություն է պետական ամենաբարձր մակարդակով: Այստեղ ռուսական կողմն անելիք չունի, որովհետև այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի ռազմակալման տակ, օկուպացիայի տակ, և այնտեղ որևէ այլ ուժ չկա: Ռուսական կողմը, օրինակ, պահպանում է Դադիվանքը, և այո, հենց ռուսական կողմի շնորհիվ է Դադիվանքը պահպանվում, թե չէ վաղուց արդեն ինչ ասես` կանեին մեր սրբավայրի հետ, ինչպես որ իրականացնում են այլ տեղերի:
Երբ պետության նախագահը` ի դեմս Ալիևի, կանգնած մատնանշում է, որ այս հայկական գրությունները պետք է ոչնչացնել, սա քաղաքակիրթ աշխարհի տիրույթում է:
«Ազատություն». - Ադրբեջանը բանակցությունների մասին լսել չի ուզում, Դուք այս համատեքստում Արցախի հետագա ճակատագիրը ինչպե՞ս եք տեսնում:
Դավիթ Բաբայան. - Բնական է, Ադրբեջանը չի ուզենալու բանակցությունները վերականգնի, սա միանշանակ է, իսկ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է. եթե մենք հաստատակամ ենք և միշտ էլ բարձրաձայնում ենք և շարունակելու ենք բարձրաձայնել, որ մեզ համար անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա: Հետևաբար պետք է հասկանալ, որ մեզնից է կախված մեր ճակատագիրը. եթե մենք ունենք իմունային համակարգ, եթե մենք ունենք պայքարելու ուժ, հնարավորություն և ցանկություն, ուրեմն մենք պայքարելու ենք: