Վերջին շաբաթներին քովիդի դեպքերի աճի հետ մեկտեղ, ավելանում են նաև մահվան թվերը։ Եթե, օրինակ, հունվար ամսին մահերի թիվը 81 էր, ապա փետրվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում վիրուսից արդեն 145 մարդ է մահացել:
Արդեն երկու տարի միայն քովիդով հիվանդներին սպասարկող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն ասում է՝ «օմիկրոն»-ի ալիքի ընթացքում ավելացավ նաև հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց թիվը։ Այս հիվանդանոցը այսօր էլ շարունակում է գերծանրաբեռնված աշխատել։
«Բոլոր բաժանմունքները՝ սկսած վերակենդանացման բաժանմունքից և մնացած բոլոր ինֆեկցիոն բաժանմունքները, որոնք ծավալված են, աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Մահճակալային ֆոնդը, կարելի է ասել, օրվա ընթացքում ամբողջովին համալրվում է հիվանդներով, համարյա ազատ մահճակալներ չենք ունենում: Իհարկե, արագ լինում են դուրսգրումներ, և այդ դուրս գրված հիվանդների տեղը նորից ընդունում ենք ախտահարված հիվանդներ», - նշեց Մանուկյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հիմնականում բուժում են ստանում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիները։ Հիվանդանոց դիմողների գերակշիռ մասը, բուժկենտրոնի փոխտնօրենի խոսքով, ուղեկցող հիվանդություններ ունեն:
«Ի տարբերություն սրան նախորդող մեր ալիքին, որտեղ շատ էին գերակշռում երիտասարդները, միջին տարիքի քաղաքացիները՝ լուրջ ախտահարված թոքերով, լուրջ շնչառական անբավարարությունով, որոնք շատ անկառավարելի ու կտրուկ վատացումներ էին ունենում, այս փուլում մի քիչ պատկերն այլ է. ավելի շատ են տարբեր ուղեկցող հիվանդություններով ախտահարվածները ու շատ հաճախ մահվան հիմնական պատճառը հանդիսանում են ուղեկցող հիվանդությունները, որոնք բարդացել են քովիդ վարակի ընթացքում: Մեզ մոտ տեղափոխված հիվանդների շրջանում արձանագրվում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերը, ուղեղի կաթվածի դեպքերը և այլ բարդությունների, որոնք ուղեկցում են կորոնավիրուսային վարակով հիվանդների: Կապ չունի «օմիկրոնն» էր, թե «դելտա» շտամն էր, եթե մենք այսօր գերակշռող մասն արձանագրենք, որ դա «օմիկրոն» է, միևնում է մեզ մոտ ունենք նման բազմաթիվ ուղեկցող ծանր բարդացած հիվանդներ», - ներկայացրեց Մանուկյանը:
Առողջապահության նախարարությունն այսօր վիճակագրությունն է ներկայացրել, որի համաձայն՝ այս պահի դրությամբ պատվաստված չեն դրական թեստ ունեցողների 75 տոկոսը, հոսպիտալացվածների՝ 82 տոկոսը, ծանր վիճակում գտնվողների՝ 78 տոկոսը։ Ու թեև երկրում շարունակվում է պատվաստման գործընթացը, այս ցուցանիշով Հայաստանը դեռ տարածաշրջանի հետնապահն է, պատվաստվել է բնակչության ընդամենը 30 տոկոսը։
Երևանի պետական բժշկական համալսարանի վերլուծական կենտրոնում ամեն շաբաթ ուսումնասիրում են Եվրամիության 5 ամենապատվաստված ու 5 ամենաքիչ պատվաստված երկրներում 1 միլիոն բնակչի հաշվով մահացության դինամիկան։ Համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է՝ ուսումնասիրությունը սկսել են դեկտեմբերից, երբ Եվրոպայում սկսեց արագորեն տարածվել «օմիկրոն»-ը։
«Դանիայում, որ Եվրամիության ամենապատվաստված երկրներից է, մեկ միլիոն բնակչի հաշվով դեկտեմբեր 1-ից մինչև այսօր գրանցվել է 191 մահ, իսկ, օրինակ, ամենաքիչ պատվաստված Բուլղարիայում 900-ից ավելի մահ էլի մեկ բնակչի հաշվարկով: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ 7 անգամ տարբերություն կա», - նշեց Մելիք-Նուբարյանը:
Այսպիսով, ըստ ուսումնասիրության, վակցինացիայի բարձր ցուցանիշ ունեցող երկրներում մահերի թիվը մի քանի անգամ քիչ է, ավելի քիչ պատվաստված երկրներում՝ մահվան թվերի աճ է նկատվում։
«Վերջին սյունակը Հայաստանն է, թվերը ցածր են, բայց ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ այդ ցածր թվերը չպետք է մեզ մոլորության մեջ գցեն, որովհետև դեկտեմբերին մոտ մոտ նոր ավարտվեց չորրորդ ալիքը, և հինգերորդ ալիքը դեռևս չէր սկսվել: Այսինքն այս հայաստանյան համեմատաբար ցածր ցուցանիշները այդ միջալիքային համեմատաբար հանգիստ շրջանում են, իսկ հիմա մենք արդեն տեսնում ենք, որ օրը, ցավոք սրտի, մեկ տասնյակից ավելի մարդ մահանում է քովիդի հետևանքով», - ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Այժմ Հայաստանում անվճար կիրառվում են 5 տեսակի պատվաստանյութեր՝ բրիտանաշվեդական «ԱստրաԶենեկա», ռուսական «Սպուտնիկ Վի», չինական «Սինոֆարմ», ամերիկյան «Մոդեռնա» և «Ֆայզեր»։