Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
«Հետաքննությունը շարունակվում է։ Հարությունյանը, որն իրեն ներկայացնում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս արագ պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ վարչությունների և հետախուզական գործակալությունների կողմից», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։
Ավազովն այսօր պնդել է, թե Հարությունյանը սոցցանցերում խոստովանել է, որ ինքն է քաղաքի վրա հարձակման նախաձեռնողը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ էին հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ «միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ»։ Ինչպես նշել էր գերատեսչությունը, հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին։
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, Արայիկ Հարությունյանը, ինչպես հաղորդվել է, մի քանի անգամ մեկնել է արտերկիր՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի գործող և նախկին պաշտոնյաների նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ